Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ընտրվել է Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի նախագահ

12:55, երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ.
Ընտրվել է Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի նախագահ

Հունիսի 18-ին տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստը:

Օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված են եղել նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական և քաղաքացիական մասնագիտացման դատավորների թափուր տեղերի համալրման նպատակով Բարձրագույն դատական խորհրդին դիմած դատավորների տեղափոխման, ինչպես նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ընտրության վերաբերյալ հարցերը:

Բարձրագույն դատական խորհուրդը, ղեկավարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 119-րդ հոդվածի 2-րդ մասով, փակ գաղտնի քվեարկության արդյունքներով, որոշել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար Հանրապետության նախագահին առաջարկել ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Թադևոսյանի թեկնածությունը:

Նույն դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժաննա Ասատրյանը չի ստացել Խորհրդի բավարար ձայները:

Բարձրագույն դատական խորհուրդը, սահմանված ժամանակացույցի և «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածի համաձայն, անցկացրել է փակ գաղտնի քվեարկություն՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի համալրման նպատակով:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի համալրման նպատակով պատրաստված քվեաթերթիկում ներառված էին նույն դատարանի թվով 61 դատավորների անուններ:

Քվեարկության արդյունքում առաջին փուլում ձայներ ստացել են հետևյալ թեկնածուները.

Հարությունյան Դավիթ – 4
     Վարդազարյան Ռուբեն – 5
     Վարդապետյան Արմեն – 1
     Առաջին փուլի արդյունքներով՝ թեկնածուներից ոչ մեկը բավարար ձայներ չստացավ և անցկացվեց լրացուցիչ ընտրություն, որին մասնակցեցին համապատասխանաբար առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:

Երկրորդ փուլում փակ գաղտնի քվեարկությամբ Խորհուրդն արձանագրել է հետևյալ արդյունքը.

Հարությունյան Դավիթ – 3
     Վարդազարյան Ռուբեն – 6
     Բոլորին դեմ – 1
     Այդպիսով, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրվել Ռուբեն Վարդազարյանը:

Դատական դեպարտամենտի մամլո ծառայություն

4368 | 0
Facebook