Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ծառուկյանն ընդունեց պարտությունը և հանձնվեց. «Ժամանակ»

09:55, երեքշաբթի, 19 հունիսի, 2018 թ.
Ծառուկյանն ընդունեց պարտությունը և հանձնվեց. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Ընդամենը մեկ շաբաթ առաջ «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամներն ԱԺ հայտարարությունների համար նախատեսված նիստի ժամանակ իրար հերթ չտալով հայտարարություններ էին անում և պահանջում, որ կառավարությունը հետ տանի Բարեգործության մասին օրենքի փոփոխությունների նախագիծը: Նրանց մի մասը պնդում էր, որ այդ նախագիծը նախապես պետք է համաձայնեցվի երկրի գլխավոր բարեգործ Գագիկ Ծառուկյանի հետ, մյուսները դա համարում էին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի վերջին վատությունը Գագիկ Ծառուկյանին, իբրև թե հնարավորություն տալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը իր վրայից գցել պատասխանատվությունը: Բայց ոչինչ չօգնեց, այսօր կայանալիք ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվելու է Բարեգործության մասին օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության ներկայացրած նախագիծը, և այն ընդունվելու է: Ավելին, զավեշտալին այն կլինի, եթե «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավորները, որ մեկ շաբաթ առաջ դեմ էին այդ նախագծին, ոչ միայն մոռանան իրենց մեկ շաբաթ առաջ ունեցած ելույթները, այլ նույնիսկ կողմ քվեարկեն դրա ընդունմանը: Ինչ փոխվեց այս մեկ շաբաթվա ընթացքում:

Իսկ Ծառուկյանի մոտ տրամադրության փոփոխություն տեղի է ունեցել հավանաբար հեռուստացույց դիտելիս, երբ տեսել է, թե ինչպես են ԱԱԾ աշխատակիցները կալանավորում թիվ մեկ ազատամարտիկ ու ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին: Գրիգորյանի կալանավորումը կարող էր Գագիկ Ծառուկյանի սրտով լինել, որովհետև Ծառուկյանը ատում է Գրիգորյանին, որը 2015թ. Սերժ Սարգսյանին առաջարկում էր նալել Ծառուկյանին, քանի որ և՛ մեխն է ձեռքին, և՛ նալը, և՛ մուրճը: Բայց եթե մի պահ կտրվենք անձնական վրեժխնդրությունից, ապա Մանվել Գրիգորյանի կալանավորումը Ծառուկյանին միայն կաշկանդող գործոն է: Ծառուկյանը հասկացավ, որ նոր իշխանությանը դիմադրելը բավական վտանգավոր է, և եթե իշխանությունը կալանավորում է երկրի գլխավոր երկրապահին, ապա հաստատ առանց վարանելու կկալանավորի երկրի գլխավոր բարեգործին։ Այս դեպքում անիմաստ է խոսել հանրային աջակցության և նման այլ մանր գործոնների մասին: Ճիշտ է, Ծառուկյանը այս պահին հանրային բավական լայն աջակցություն ունի, բայց բավարար է մի քանի աղմկահարույց բացահայտում, և այդ վարկանիշը կզրոյանա, և մարդիկ կզարմանան, թե մինչև այժմ ինչ միամիտ են եղել իրենք»:

Մանրամասները՝ թերթի համարում:

21963 | 0
Facebook