Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գեներալի օպերացիան կործանեց մի ողջ շրջանի տասնամյակների մի ամբողջ իշխանություն. դա հզոր ազդակ է». Հայկ Մարտիրոսյան

14:45, երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ.
«Գեներալի օպերացիան կործանեց մի ողջ շրջանի տասնամյակների մի ամբողջ իշխանություն. դա հզոր ազդակ է». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

Մանվել Գրիգորյանի ժամանակաշրջանն անվերադարձ ավարտվեց: Բայց ամեն բան շատ ավելի բարդ է, քան թվում է առաջին հայացքից: Մի քանի հանգամանք կարևոր է հասկանալ. Դոն Պիպոյի պատահարը ցույց տվեց, որ այս նոր Հայաստանում պետությունը չի հանդուրժելու որևէ այլ խաղացողի՝ քան ինքն է: Եթե անգամ այդ խաղացողը պատրաստ է իր վրա վերցնել պետության թշնամուն հրապարակից դուրս բերելու գործը: Նաև՝ որ որևէ մեկը, ով հանրային, հասարակական, քաղաքական ոլորտից չէ՝ չպետք է այլևս Հայաստանում քաղաքական օրակարգ ձևավորի, կամ մասնակցի դրան: Եվ դա ճիշտ և արդար մոտեցում է: Հաջորդ հանգամանքն այն է, որ ամենայան հավանականությամբ՝ սկսվում է հայկական բդեշխությունների լիկվիդացման գործընթաց: Գեներալ Մանվելը դրա առաջին ծիծեռնակն է, բայց, ենթադրաբար ամենևին վերջինը չէ: Թե ովքեր են տրամաբանորեն հաջորդելու՝ դժվար չէ կռահել: Դա նաև նշան է, որ այլևս չկան անձեռնմխելիներ և որ հասարակությանը պետք է պատրաստվել՝ նախկին անխորտակելիների խորտակման մոնումենտալ տեսարանների: Սակայն հենց գեներալ Մանվելից սկսելը նաև նշան էր՝ ուղղված այլ՝ թերևս առավել ազդեցիկ կերպարների, որ հերթն իրենց հասնելիս՝ դիմադրությունն անիմաստ է լինելու: Գեներալի օպերացիան կործանեց մի ողջ շրջանի տասնամյակների մի ամբողջ իշխանություն՝ ընդամենը մեկ օրվա ընթացքում: Եվ դա հզոր ազդակ է: Հաջորդ հանգամանքն այն է, որ ՀՀԿ-ն շտապեց և սխալվեց իր ոհմակային բնույթը ևս մեկ անգամ ի ցույց դնելով: Խմբավորումը իբրև թե ուժի ցուցադրություն արեց՝ ակնարկելով, որ անձեռնմխելիությունից չի զրկի իր անդամին: Վարչապետի ուղիղ խոսքը, իսկ այնուհետ և սահմռկեցուցիչ տեսանյութը ուղղակի ՀՀԿ-ին կանգնեցրեցին արդեն ոչ թե Մանվել Գրիգորյանին, այլ՝ իրենց հենց իրենցից փրկելու հրամայականի առջև և դրա վկայությունն է նույն Արմեն Աշոտյանի երկրորդ հայտարարությունը: Եթե ՀՀԿ-ն հիմա երկրորդ խելահեղությունն անի և այնուամենայնիվ չքվեարկի Գրիգորյանի անձեռնմխելիությունից զրկման օգտին, ապա ուղղակիորեն ևս մեկ անգամ կթարմացնի այն հանրային համոզմունքը, որ դա հանցախումբ է: Հիմա դա կսկսի համարվել նաև ինքն իրեն պետության թշնամի հռչակած հանցախումբ: Եթե քվեարկի՝ ապա կդառնա ինքն իր ոհմակի կաղող գայլերին հոշոտող մի խմբավորում, որն ավելի շահեկան է խմբավորմանը, գոնե կարճաժամկետ առումով և մեծապես շահեկան իշխանությանն ու ժողովրդին` ամեն առումով: Ամեն դեպքում ձերբակալությունը, հայտարարությունը և տեսնյութը ստեղծեցին մի շղթա, որը գործի դրեց ՀՀԿ-ի ինքնաոչնչացման անկասելի մեխանիզմը:
     Մյուս հանգամանքը, որ առավել պարզ է՝ դա ազգային հերոսների դեմիստիֆիկացիան է: Բոլորը գիտեին թե ինչպես է կառավարվել պետությունը և ովքեր են եղել ղեկին: Բոլորը գիտեին, բայց շատ քչերն էին դա պատկերացնում մանրամասնություններով: Հիմա այդ մանրամասնությունները հառնում են իրենց գզրոցներից: Այն, որ Արցախի հերոս հռչակված գեներալը կարող էր թալանել սեփական բանակը նաև նման մանր և անպատիվ մակարդակով՝ բոլոր սպասված կամ ենթադրված բացահայտումներից ավելի անսպասելի էր: Կարելի է ենթադրել թե ինչպիսի սխեմաներ են ունեցել սննդային շղթայում նրանից շատ ավելի վեր կանգնած կառավարիչները. օրինակ՝ Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը:
     Գեներալի ձերբակալությունը, սակայն, նաև մտահոգություն է առաջացնում: Վարչապետը դրանով անցնում է մի սահման, որից վերադարձ չկա: Անշուշտ, նա դա անում է գիտակցաբար, անվախ և սկզբունքայնորեն: Բայց եթե դրան չհաջորդեն արագ և մեծածավալ այլ բացահայտումներ և ձերբակալումներ՝ բացառված չէ, որ հսկայական ռեսուրսների տիրապետող հանցավոր տարրերի կողմից կարող է վտանգվել ոչ միայն նույն վարչապետի անձնական անվտանգությունը, այլև՝ ամբողջ հեղափոխության: Այժմ արդեն ազդակը ստացել են այլ՝ առավել մեծ հանցագործներ: Եվ կարծել, որ տանը նստած սպասելու են իրենց ձերբակալություններին՝ թերևս միամտություն կլինի: Առանցքայինն այստեղ ժամանակն է: Չի կարելի թույլ տալ, որպեսզի փախուստներ լինեն և չի կարելի հնարավորություն տալ, որպեսզի ժամանակն օգտագործելով` դավադրություններ կազմվեն՝ լինեն դրանք անձի թե պետության դեմ ուղղված: Հիմա այլևս եկել է մաքսիմալ կարճ ժամկետներում մաքսիմալ ծավալուն ձերբակալությունների ժամանակը: Դրանք ռեպրեսիաներ կորակվեին, եթե մոտիվացված լինեին քաղաքականությամբ: Բայց երբ խնդիրն առնչվում է նախկինում երկրի պետական ապարատը բռնազավթած խոշոր քրեական տարրերի մեկուսացմանն ու արդարադատության առջև կանգնեցնելուն՝ ապա դրա արտաքին բրենդավորումը չպետք է մտահոգի իշխանությանը: Այս առաջին խոշոր ձերբակալությամբ պարզ է դառնում, որ առավել մեծ ձկները ժամանակին առավել մածածավալ որս են արել:
     Այս օրերին սկսվել է իշխանափոխությունից հետո հեղափոխության իսկական՝ բուն փուլը: Եվ այդ փուլն անհրաժեշտ է ամբողջական թափով առաջ տանել: Վճռականություն կարծես առկա է: Մնում է ցույց տալ, որ ժամանակն անգին է:

14716 | 0
Facebook