Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

ՀՖՖ-ն մեկնաբանել է «Շիրակ»-ի գործով ՈՒԵՖԱ-ի որոշումը 

23:10, չորեքշաբթի, 13 հունիսի, 2018 թ.
ՀՖՖ-ն մեկնաբանել է «Շիրակ»-ի գործով ՈՒԵՖԱ-ի որոշումը 

Հունիսի 11-ին ՀՖՖ-ն հրապարակեց ՈւԵՖԱ-ի բողոքարկման մարմնի 2018թ. հունիսի 5-ի որոշումը: Այդ որոշման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով ՀՖՖ պաշտոնական կայքը դիմեց ՀՖՖ Վարչաիրավական դեպարտամենտի ղեկավար Լուսինե Բակումյանին:

-Հարգելի տ-ն Բակումյան, ՈւԵՖԱ-ի բողոքարկման մարմինն անդրադարձավ «Շիրակ» ՖԱ-ի գործին և կայացրեց որոշում: ՀՖՖ-ն հրապարակեց բավական բարդ և երկար իրավաբանական տեքստը: Կխնդրեինք առավել մատչելի պարզաբանել այն մեր երկրպագուների համար:


     -Սիրով: Միանգամից ասեմ, որ իրավացի եք, առաջին հայացքից շատ բարդ, բայց և միևնույն ժամանակ իրավագիտության տեսանկյունից շատ պարզ, տրամաբանական և հետաքրքիր որոշում է:

Նախ և առաջ, ակնհայտ էր, որ «Շիրակ» ՖԱ-ն դադարեցնելով ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարին իր մասնակցությունը՝ փորձել էր դուրս գալ ՈւԵՖԱ-ի իրավասությունից և դրանով խուսանավել ՈւԵՖԱ-ի հնարավոր պատժամիջոցներից, ինչպես նաև կատարված դեպքի առնչությամբ ՈւԵՖԱ-ի հնարավոր գնահատականներից:


     Եվ, թեև ՈւԵՖԱ-ն վերը նշված իրավասության բացակայության հիմքով դադարեցրել է «Շիրակ» ՖԱ-ի դեմ հարուցված վարույթը՝ այնուհանդերձ ուշադրության արժանի մի քանի կարևոր կետերով բացահայտել է «Շիրակ» ՖԱ-ի մտադրությունը և տվել համապատասխան գնահատականներ:


     -Որո՞նք են այդ կետերը:

Որոշման՝ուշադրության արժանի կետերն են.

ՈւԵՖԱ-ի կարգապահական մարմինները գնահատելով առկա բոլոր ապացույցները՝ ապացուցված են համարել պայմանավորված խաղի կազմակերպման փաստի առկայությունը, (որքան էլ որ «Շիրակ» ՖԱ-ն փորձի հակառակը պնդել),
     ՈւԵՖԱ-ն Բողոքարկման մարմնի իր որոշման մեջ հստակ արձանագրել է, որ «Շիրակ» ՖԱ-ի կողմից ՈւԵՖԱ-ի մրցումներին իր մասնակցության դադարեցումը պետք է համարվի որպես կամավոր կերպով պատժի կատարում ժամկետով, որը հավասարազոր կլիներ ՈՒԵՖԱ-ի կողմից մասնակցության իրավունքի զրկման ժամկետին,
     ՈւԵՖԱ-ի Կարգապահական մարմինը, սակայն, պատժի նման՝ կամավոր հարկադրման տարբերակը գնահատել է ոչ համապատասխան ,
     ՈւԵՖԱ-ն հստակ եզրակացրել է, որ «Շիրակ» ՖԱ-ի նշված քայլը վերջինիս չի ազատում ՈւԵՖԱ-ի հնարավոր հետագա կարգապահական վարույթից, այն դեպքում, երբ ակումբը կորակավորվի եվրոպական ակումբային մրցաշարերին,
     Այսպիսով ստացվում է, որ ՈւԵՖԱ-ն թեև վերը նշված որոշմամբ «Շիրակ» ՖԱ-ի նկատմամբ հարուցված վարույթը դադարեցրել է, սակայն այնուամենայնիվ չի զլացել ակումբի գործողություններին գնահատական տալուց, ինչպես նաև արձանագրել է, որ ակումբին հետագայում պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը չի սպառվել:


     -Շատ են շահարկումները, թե իբրև ՀՖՖ-ն համաչափ պատժամիջոց չի սահմանել «Շիրակ» ակումբի նկատմամբ և, եթե պայմանավորված խաղ «խաղալու» համար է «Շիրակը» պատժվել, ապա ինչու՞ «Բանանց» ակումբն էլ չի պատժվել:


     -Գիտեք, դա Շիրակի ղեկավարների կողմից կոնկրետ միտումով արվող հայտարարություններ են՝ նպատակ ունենալով ապակողմնորոշել թե իրենց երկրպագուներին և թե մյուսներին, ովքեր ծանոթ չեն գործին:

Զուտ իրավական տեսանկյունից այստեղ ամեն բան առավել քան պարզ է: Կարգապահական կանոնակարգի 12-րդ հոդվածն ասում է. «...պայմանավորված խաղերի կազմակերպումը....» և «...նույն արարքի փորձ կատարելը...», այլ ոչ՝ պայմանավորված խաղեր խաղալը կամ խաղալու փորձ կատարելը: Կանոնակարգն ի սկզբանե սահմանել է, որ պարտադիր չէ, որ պայմանավորված խաղը խաղացվի, որ կարգապահական միջոցներ կիրառվեն, այլ լրիվ բավարար է՝ կազմակերպված լինելու փաստը: Այս դեպքում ապացուցված է, որ «Շիրակի» պաշտոնյան տրամադրել է կանխավճար և խոստացել լրացուցիչ գումար՝ խաղի ելքն իրենց օգտին վճռելու նպատակով:

Այստեղ նույնն է պնդել, որ կաշառատուի կողմից կաշառակերին կանխավճար տալը և վերջնավճար խոստանալը դեռևս կաշառք չէ՝ այլ կաշառքի փորձ:

Ինչ վերաբերվում է շահարկումներին, թե ինչու «Բանանց» ՖԱ-ն չի պատժվել, ապա ևս մեկ անգամ նշեմ, որ չնայած, որ «Բանանց» ՖԱ-ի ֆուտբոլիստը ներգրավված է եղել՝ գործում առկա ապացույցները փաստում են, որ նա ներգրավվել է իր կամքից անկախ: Բացի այդ, նրա կողմից անմիջապես դրսևորված հետագա պահվածքն ապացուցում է, որ նրա գործողություններում ուղղակիորեն բացակայում են ՀՖՖ Կարգապահական կանոնակարգի 12-րդ հոդվածով սահմանված արարքի տարրերը:


     Ավելին, որպեսզի ընդհանրապես բոլորի մոտ այդ հարցը փակվի, հարկ եմ համարում ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ «Բանանց» ՖԱ-ն ևս որակավորվել է Եվրոպայի ակումբային մրցաշարին: Եվ, հաշվի առնելով այն, որ «Շիրակ» ՖԱ-ի գործը մանրակրկիտ ուսումնասիրվել է ՈւԵՖԱ-ի համապատասխան մարմինների կողմից, ապա թող ոչ մեկի մոտ կասկած չլինի, որ «Բանանցի» ֆուտբոլիստի, արդյունքում նաև «Բանանց» ՖԱ-ի ներգրավվածության փոքր ինչ կասկածի դեպքում անգամ՝ ՈւԵՖԱ-ի կողմից վարույթ կհարուցվեր նաև «Բանանց» ՖԱ-ի նկատմամբ՝ դրանից բխող բոլոր իրավական և մարզական հետևանքներով հանդերձ:

| | |
2109 | 0