Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Բաց նամակ՝ ՀՀ վարչապետին և Մանե Թանդիլյանին

16:35, երկուշաբթի, 28 մայիսի, 2018 թ.
Բաց նամակ՝ ՀՀ վարչապետին և Մանե Թանդիլյանին

Աշխատանքային իրավունքների պաշտպանություն քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակով դիմել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նախաձեռնությունը առաջարկությունների փաթեթ է ներկայացնում, որը վերաբերում է աշխատանքային իրավունքների պաշտպանության բարելավմանը:

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին

ՀՀ Կառավարությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Գիտակցելով, որ ներկայիս կառավարությունը ժամանակավոր է և ծրագրերը, որոնք այն կառաջադրի, թերևս կարճաժամկետ են լինելու, ինչպես նաև նախորդ համակարգից մնացած բազմաթիվ խնդիրներ կան, որոնք պահանջում են հրատապ լուծումներ, Աշխատանքային իրավունքների պաշտպանության նախաձեռնությունը մի քանի առաջարկների փաթեթ է ներկայացնում ՀՀ Կառավարությանը և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը մասնավորապես աշխատանքային իրավունքների պաշտպանության, աշխատանքային պայմանների բարելավմանն ուղղված, որոնք ներկայիս ժամանակավոր կառավարությունը կարող է և պետք է իր գործունեության ընթացքում կյանքի կոչի և այդպիսով նաև ոլորտում հիմք դնի հետագայում աշխատանքային հարաբերություններում քաղաքացիների առավելագույն պաշտպանվածության համար:

- Առաջնահերթ է թերևս «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի չեղարկումը:

Այս նախագիծը դեռևս առաջ էր քաշվել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից, ով նպատակ էր հետապնդում թեթևացնել փոքր բիզնեսների վարչարարական բեռը: Սակայն հետագայում նախագիծն ընդգրկեց բոլոր գործատուներին: Արդյունքում մի շարք կարգավորումներ առաջարկվում էր վերացնել, ինչի արդյունքում ստորադասվում էր աշխատողների իրավունքները բիզնեսների և ընդհանրապես գործատուների շահերին: Այս կապակցությամբ ոլորտի փորձագետները ներկայացրել են իրենց մտահոգությունները: Մասնավորապես իրավաբան Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրել է փաթեթ, որով մի շարք առաջարկություններ է արել: Թե՛ Հերիքնազ Տիգրանյանը, և՛ թե քաղհասարակության այլ անդամներ տարբեր քննարկումներին նշել են, որ այս նախագծով թեև փորձ է արվում թեթևացնել վարչարարական թղթաբանությունը, սակայն արդյունքում վերացվում են մի շարք կարգավորումներ, ինչն էլ աշխատողներին անպաշտպան է թողնում:

Այդպիսի փոփոխություններից են, օրինակ, գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների կողմից ներքին իրավական ակտերի չընդունելը, օրենքով ամրագրված մի շարք կետերի վերացումը և դրանց կարգավորումը գործատուի և աշխատողի բանակցությունների վրա թողնելը, ինչպես օրինակ արտաժամյա աշխատանքի օրենքով սահմանված կարգավորման, արտաժամյա աշխատանքի համար վճարման, լրացուցիչ արձակուրդների տրամադրման, ծանր և վտանգավոր աշխատանքների ցանկի, դրանց համար նախատեսված հավելավճարների, գիշերային հերթափոխի վճարմանը վերաբերող կարգավորմների վերացումը: Ավելին, նախագիծը նաև պարունակում է խտրական տարրեր, քանի որ, եթե օրինակ լրացուցիչ արձակուրդ տրամադրելու, ծանր, վնասակար աշխատանքների, կամ արտաժամյա և գիշերային աշխատանքի համար հավելումներ վճարելու բանակցությունները մասնավոր գործատուի պարագայում թողնվում են գործատուի և աշխատողի վրա, ապա պետական ոլորտում կառավարությունն է որոշելու այս շեմերը: Այսինքն նախագիծը խտրական է աշխատողների հանդեպ՝ կախված թե որ ոլորտում կաշխատի անձը:

Մասնագետները մտահոգիչ են համարում այն, որ պետությունը, փաստորեն, հրաժարվում է իր կարգավորիչ գործառույթից, քանի որ կարգավորումը թողնելով կողմերի համաձայնությանը, պետությունը ոչ թե խրախուսում է բանակցային հարաբերությունները գործատու և աշխատողի միջև, այլ աշխատողին անպաշտպան է թողնում անսահմանափակ լիազորություններ ունեցող և աշխատանքային օրենսդրության նկատմամբ պետական հսկողությունից դուրս գտնվող գործատուի առաջ։

-Հաջորդ առաջնահերթ քայլը, որն իրականացնելով ներկայիս ժամանակավոր կառավարությունը կուղղի նախորդի սխալը և հիմք կդնի աշխատավորների իրավունքների նաև հետագա պաշտպանությանը՝ աշխատանքային տեսչության հիմնումն է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում: Աշխատանքային տեսչությունը վերջին տարիներին կցված է եղել ՀՀ Առողջապահության նախարարությանը, այն էլ նվազեցված իրավասություններով և կրճատված ռեսուրսներով, իսկ աշխատակիցներն անգամ չեն ունեցել տեսուչի կարգավիճակ:
     Անհրաժեշտ է աշխատանքի տեսչություն հիմնել մասնավորապես ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում, այն էլ ընդլայնված լիազորություններով, որի արդյունքում այն կիրականացնի մոնիտորինգներ պետական և մասնավոր կառույցներում, հանրային հաշվետվություններ կներկայացնի իր գործունեության վերաբերյալ, խախտումներ թույլ տվող կառույցներում լիազորություն կունենա նկատողություններից զատ կիրառել նաև տուգանքներ, հարուցել վարչական վարույթներ և այլն:

- Եվս մեկ կարևոր քայլ, որն առաջ է քաշվել Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին քաղաքացիական նախաձեռնության անդամների հետ քննարկման արդյունքում՝ կուտակային կենսաթոշակների ֆոնդին կատարվող վճարումները կամավոր դարձնելն է, այն էլ ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հաստատությունների աշխատողների համար: Ողջունում ենք այն, որ այս ուղղությամբ ներկայումս որոշակի քայլեր են նախաձեռնվում: Առաջարկում ենք, որ արդեն իսկ պարտադիր վճարումներ կատարողներին տրվի հնարավորություն հրաժարվելու համակարգից, ինչպես նաև մեխանիզմներ մշակվեն բացառելու աշխատողներին գործատուների կողմից կամավոր համակարգին միանալ պարտադրելը: Իսկ կամավոր վճարումների դեպքում էլ ֆոնդը կամ բանկը պետք է լինեն հայկական և Հայաստանում գրանցված, քանի որ այս պարագայում է, որ պետությունը կկարողանա լիարժեքորեն պաշտպանել իր սուբյեկտ հանդիսացող քաղաքացիների իրավունքները և շահերը: Կամավոր վճարողները պետք է ունենան հնարավորություն տնօրինելու իրենց կուտակած գումարները: Կամավոր վճարման պարագայում անհրաժեշտ է նաև վերանայել եկամտահարկի վճարները՝ քաղաքացիներին կրկնակի հարկելը բացառելու համար:

-Կառավարության և Նախարարության հեռանկարային ծրագրերից պետք է լինի պետական և մասնավոր սեկտորների աշխատողների իրավունքների ապահովման գործում Արհմիությունների հնարավորությունների ամրապանդումը, որոնք ներկայումս խիստ սահմանափակ են ինչպես օրենսդրական բացերի, այնպես էլ աշխատանքը կորցնելու վախի արդյունքում աշխատողի դիմադրության գրեթե բացակայության պատճառով։ Արհմիությունները պետք է ունենան իրավական լծակներ գործատուների վրա ազդելու համար, ինչպես նաև Արհմիությունները և հասարակական կազմակերպությունները պետք է ունենան դատական հայց ներկայացնելու իրավունք առանց աշխատողի լիազորագրի, քանի որ շատ հաճախ նման լիազորագրի տրամադրման անհնարինության պատճառով էլ գործատուն անկաշկանդ է աշխատողին շահագործելու առումով: (Պետհիմնարկների արհմիությունների ոլորտում որոշ առաջարկություններ)

- Անհրաժեշտ է նաև վերանայել էժան ապահովագրությունները հատկապես այն ոլորտների համար, որոնք ներգրավված են ծանր, վտանգավոր աշխատանքների ցուցակում:

- Ակնկալում ենք նաև, որ կնախաձեռնվի պիլոտային ծրագրի իրականացում որոշ հաստատություններում (պետական և մասնավոր)՝ ուղղված աշխատանքային շաբաթը 40-ժամյա գրաֆիկից 35-ժամյա գրաֆիկի անցմանը: Այնուհետ, ակնկալում ենք նման գրաֆիկի կիրառություն բոլոր հաստատություններում:

Աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում խնդիրները բազմաթիվ են, սակայն գիտակցում ենք, որ գործողությունները պետք է իրականացվեն քայլ առ քայլ: Մենք լիահույս ենք, որ մեր առաջարկները հաշվի կառնվեն և դրանց իրականացման արդյունքում վերջապես կունենանք իրական սոցիալական պետություն: Հայցում ենք մեր պատրաստակամությունն աջակցելու այս քայլերն իրականացնելու գործընթացում:

Աշխատանքային իրավունքների պաշտպանություն քաղաքացիական նախաձեռնություն

Բաց նամակ՝ ՀՀ վարչապետին և Մանե Թանդիլյանին
| | |
15733 | 0
loading...
Facebook
ՄԱՄՈՒԼ.am