Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արտաքին պարտքը մեր երկրի նվազած բնակչության վտիտ ուսերին է». Հրանուշ Խառատյան

22:05, չորեքշաբթի, 23 մայիսի, 2018 թ.
«Արտաքին պարտքը մեր երկրի նվազած բնակչության վտիտ ուսերին է». Հրանուշ Խառատյան

Այն հանգամանքը, որ գյուղատնտեսական վարկերը, իբրև բիզնես վարկեր, հաճախ վերցվել են բոլորովին այլ նպատակներով (հարսանիք, վիրահատություն, խոպան գնալու ինքնաթիռի տոմս, պարտքերի մարում...), վաղուց հայտնի է: Այդ մասին մենք բազմիցս գրել ենք, մասնավորապես նաև «Պատմություններ աղքատության մասին», «Արտագաղթը Հայաստանից», «Կյանքը շատ տխուր է» գրքերում, հոդվածներում, ներկայացրել տարատեսակ քննարկումներում: Մասնավորապես բոլոր գյուղնախարարներն իմացել են այդ ծաղկող երևույթը: Դա համարյա բոլորին հարմար էր և լռությունը գերադասելի էր: Բանկերը հաշվետվություններ էին ներկայացնում բիզնես վարկերի քանակի մասին (հազարավոր), կառավարությունը իր «հաշվետվություններում» գրանցում էր բիզնեսի ծաղկման մասին, վարկառուները ելքեր էին գտնում իրենց կենցաղային ճգնաժամը հետաձգելու և հոգևվարքը երկարացնելու, ահագին մարդ աշխատավարձ էր ստանում դրանք սպասարկելու համար և այլն: Վարկառուների կորուստները սովորաբար չի հաշվարկվում, չէ որ այդ վարկերը գրավով էին տրվում և չվերադարձվելու դեպքում բանկերը ջրի գնով վախառում էին գրավադրված գույքը, անասունը, ոսկեղենը...Այս ամբողջ կեղծիքի տակ թաքնվում էր ֆինանսական շրջանառության կեղծ պատկեր, գյուղատնտեսությունը հատկապես մանր հողատերերի դեպքում պարզապես մեռնում էր, արտադրանք այդպես էլ չէր ստացվում, բայց հաշվետվություններում վարկառուների չմշակված գյուղատընտեսական հողերը ներկայացվում էին որպես օգտագործվող երկարգործական հողեր: Թղթերով, ինչպես համարյա բոլոր ոլորտներում, տնտեսական ծավալ և զարգացում կար, գործնականում՝ աղքատություն, նվաստացում, վարկային ճորտացում, սոցիալական դեգրադացիա:

Թե ինչու իշխանությանը շատ հարմար էր, որ Համաշխարհային Բանկի՝ մեր պետությանը տրված 1-2 տոկոսանոց վարկերը բանկերը հետո բնակչությանը վաճառում էին 22-24 տոկոսով, քննարկման մեկ այլ թեմա է: Մեկ այլ թեմա է նաև, որ պետության 7 մլրդանոց արտաքին պատքի տակ թաքնված է ներկայիս օլիգարխների և իրենց բիզնեսները Հայաստանից արտահանած տնտեսվարողների բանկային վարկային արտոնությունների հարցերը: Այսօր այդ արտաքին պարտքը մեր երկրի նվազած բնակչության վտիտ ուսերին է, և մեր երկրի քիչ թե շատ հավակնոտ տնտեսական ծրագրերի մեծ խոչընդոտներից մեկը:

5706 | 1
Facebook