Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ժողովուրդն այսուհետ ամեն մի զոհի համար նոր իշխանությունից հաշիվ է պահանջելու». Նարեկ Սարգսյան

14:05, երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ.
«Ժողովուրդն այսուհետ ամեն մի զոհի համար նոր իշխանությունից հաշիվ է պահանջելու». Նարեկ Սարգսյան

Ղարաբաղում նորից զինվոր է զոհվել... Հեղափոխությունից հետո սա առաջին զոհն էր։ Մի՞թե հայ ժողովուրդը դատապարտված է ապրել մշտական պատերազմի մեջ։ Իհա՛րկե ոչ։
     Ուստի Հայաստանի նոր, լեգիտիմ իշխանությունը վաղ թե ուշ ստիպված է լինելու պատասխանել մեկ գլխավոր հարցի` ինչպե՞ս է խաղաղություն բերելու սեփական ժողովրդի համար։ Թող խաղաղությունը բերի փոխզիջումներով` բացատրի ժողովրդին, որ թանկ գին ենք վճարելու, որովհետև թա՛նկ բան ենք ձեռք բերելու։ Ժողովուրդը կհասկանա։ Թող լուծի Ադրբեջանին համոզելով կամ կապիտուլացնելով` ժողովուրդը ոտքի կկանգնի ու կկռվի մի մարդու նման։ Թող լա՛վ լուծում բերի։ Թող այնպիսի լուծում բերի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ու Հայ Ազգային Կոնգրեսի բոլոր անդամներս ամոթից գետինը մտնենք, ասենք` մենք սխալ էինք, լավ լուծում կար, իսկ մենք չգիտեինք։ Բայց թող լուծում բերի։
     Ղարաբաղի հարցը այն հարցը չէ, որը կարելի է անվերջ ձգձգել։ Միջազգային հանրությունը թույլ տալ էլ` այսուհետև ժողովու՛րդը թույլ չի տալու։ Այն, ինչ կարող էր անել բռնապետ-մարդասպանըվ (որովհետև լկտի էր), չի կարող անել լեգիտիմ իշխանությունը։ Թավշյա հեղափոխությունը առաջին հերթին ժողովրդի վախե՛րը կոտրեց։ Ու այսուհետ ամեն մի զոհի համար նա նոր իշխանությունից հաշիվ է պահանջելու։ Հոգեհանգիստներին վարչապետի ներկայությունը, զոհի հիշատակը ոգեկոչելը մի քանի անգամից հետո այլևս չեն տպավորելու ոչ ոքի։
     Ղարաբաղի հարցը պիտի լուծվի։ Փոխզիջումների՛ գնով, ղեկավարի լեգիտիմության կորստի՛ գնով, ամենաթա՛նկ գնով, բայց պիտի լուծվի։ Ուրիշ տարբերակ չկա։
     Հարևանների հետ մշատական պատերազմ մղող երկրները ազատ ու երջանիկ չեն լինում։

8346 | 5
Facebook