Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Խախտվել է «Սասնա ծռեր»-ի արդար ու անաչառ դատավարության իրավունքը». միջազգային իրավապաշտպաններ

11:10, երեքշաբթի, 22 մայիսի, 2018 թ.
«Խախտվել է «Սասնա ծռեր»-ի արդար ու անաչառ դատավարության իրավունքը». միջազգային իրավապաշտպաններ

Amnesty International և Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները պատասխանել են «Ամերիկայի ձայնի» հարցերին՝ վերաբերող քաղաքական բանտարկյալներ ձևակերպմանն ու այդ առումով «Սասնա ծռեր» խմբի անդամների գործին:
     Ինչպես հայտնի է, «Սասնա ծռերի» կողմնակիցները նոր ձևավորված իշխանություններից պահանջում են խափանել վերջինների կալանքի միջոցն ու ազատ արձակել՝ դատական գործընթացին ազատության մեջ մասնակցելու համար, իսկ դատական մարմինները շարունակաբար մերժում են այս առնչությամբ հայցադիմումները:

Միջազգային իրավապաշտպանները նախ անդրադարձել են քաղբանտարկյալ սահմանմանը և արձանագրել, որ իրավական առումով չկա վերջնական սահմանում քաղաքական բանտարկյալներ ձևակերպման մասին:

«Միջազգային իրավունքում չկա վերջնական համաձայնություն քաղաքական բանտարկյալներ եզրի վերաբերյալ: Այն ավելի շատ քաղաքական եզր է, քան իրավական: Amnesty International-ն օգտագործում է իր սեփական սահմանումը, որը կոչվում է խղճի բանտարկյալներ»,- ասում է Amnesty International ներկայացուցիչ Լևան Սաթիանին:

«Չկա քաղբանտարկյալների գծով համընդհանուր եզր, և սա այն եզրը չէ, որ HRW-ն օգտագործում է, սակայն Եվրոխորհուրդն առաջ է քաշել մի շարք հիմնական սկզբունքներ՝ փորձ անելով համախմբել քաղբանտարկյալ սահմանումը հրապարակված զեկույցում ու խորհրդարանական վեհաժողովի բանաձևում, որն ընդունվել է 2013թ.-ին»,- նշում է Human Rights Watch-ի ներկայացուցիչ Գեորգի Գոգիան:

Այդ սկզբունքները ներառում են դեպքեր, երբ ձերբակալությունը խախտում է Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիան և դրա արձանագրությունները կամ եթե անձի ձերբակալությունն ունի քաղաքական դրդապատճառներ: Բացի այդ, քաղաքական բանտարկյալներ են համարվում, ըստ Եվրոխորհրդի բանաձևի, խտրականությանը կամ անարդար դատավարությանն առնչվող քաղաքական դրդապատճառներով ձերբակալված անձինք:

«Սասնա ծռեր»-ի դեպքի կապակցությամբ իրավապաշտպանները համակարծիք են, որ այս գործով մեղադրական աթոռին գտնվող անձանց արդար դատավարության իրավունքը խախտված է և իրականացված հետաքննությունը միակողմանի էր ու հեռու անաչառ կոչվելուց:
     «Մենք գտնում ենք, որ այնտեղ առկա են ազատ արդար դատավարության հետ կապված խնդիրներ, մենք կարող ենք արձանագրել, որ դատավարությունների ընթացքում նրանց արդար դատավարության իրավունքները խախտվել են»,- նշում է Սաթիանին:

«Սասնա ծռերի գործի շրջանակում շատ հիմնավորված կարծիքներ են հնչել այս խմբի արդար դատաիրավական գործընթացի խախտումների մասին և անգամ խմբի անդամների ու պաշտպանների նկատմամբ դատարանի շենքում բռնության դեպքերի մասին»,- նշում է Գիորգի Գոգիան: Վերջինը գտնում է, որ իշխանությունները պարտավոր են հետաքննել այս տեղեկությունը և պատժել մեղավորներին:

Սակայն իրավապաշտպան կազմակերպությունները չեն կարող դիմել ձերբակալված խմբի անդամներին ազատ արձակելու կոչով: Հիմնական պատճառը 2016թ.-ին ոստիկանական գնդի գրավման ժամանակ գրանցված բռնությունն էր, որի արդյունքում եղել են զոհեր և վիրավորներ: Amnesty International-ն ընդգծում է, որ այդ պատճառով կազմակերպությունը չի կարող դիտարկել «Սասան ծռեր» խմբի անդամներին որպես խղճի բանտարկյալներ:

«Մենք չենք կարող կոչ անել ազատել ձերբակալվածներին, քանի որ իրադարձություններում առկա էին բռնության դեպքեր: Դա է Amnesty International-ի դիրքորոշումը»,- նշում է Amnesty International ներկայացուցիչը:

Իսկ HRW-ի ներկայացուցչի կարծիքով՝ անհրաժեշտ է հստակ տարանջատել բռնություն կիրառողներին, ովքեր մեղադրվում են ծանր հանցագործությունների համար, ցույցերին մասնակցող կամ կոչերով հանդես եկող նրանց աջակիցներից, ում նկատմամբ հնարավոր է կիրառել խափանման միջոցի փոփոխություն:

«Սասնա ծռերի գործով պետք է հստակ տարանջատել նրանց, ովքեր գրավել են զորամասը, պատանդներ վերցրել, որի արդյունքում եղել են զոհեր, և նրանց, ովքեր մասնակցում էին խաղաղ ցույցերին կամ աջակցում էին խմբին: Բռնություն կիրառած խմբի պարագայում պետք է սպասել դատարանի որոշմանը: Սակայն պետք է ապահովված լինի նրանց արդար դատավարության իրավունքը»,- ընդգծել է Human Rights Watch-ի ներկայացուցիչը:

Երկու իրավապաշտպաններն էլ արձանագրում են, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների հետագա ճակատագիրը պետք է որոշի Հայաստանի դատարանը:

5199 | 0
Facebook