Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 25 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

ԿԳ նախարարը կոչ է արել ապատեղեկատվություն չտարածել

14:20, երկուշաբթի, 21 մայիսի, 2018 թ.
ԿԳ նախարարը կոչ է արել ապատեղեկատվություն չտարածել

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է նախարար Արայիկ Հարությունյանը: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոցի շուրջ ստեղծված խնդրին։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2017 թվականի որոշմամբ նախատեսվում էր վերոնշյալ դպրոցը միացման ձևով վերակազմակերպել և միավորել Կոտայքի մարզի Արտավազի միջնակարգ դպրոցին: Հետագայում ՀՀ կառավարությունը երկարաձգել էր միավորման ժամկետը՝ այն տեղափոխելով մինչև 2018 թվականի հունիսի 1-ը: Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ ընդգծել է նախարարության տեսակետը՝ տվյալ գյուղի դպրոցի փակման անթույլատրելիության վերաբերյալ և հանձնարարել միջոցներ ձեռնարկել՝ համապատասխան իրավական հիմքեր ապահովելու համար: Նախարարը հետաքրքրվել է՝ արդյոք բոլոր աշակերտները տեղեկացվա՞ծ են ավարտական և միասնական քննությունների ժամանակացուցի փոփոխության վերաբերյալ, որի առնչությամբ ստացել է հավաստիացում:
     Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև դպրոցներում իրականացվող հնարավոր դրամահավաքների խնդրին՝ հատուկ ընդգծելով, որ դպրոցների որոշ տնօրեններ ապատեղեկատվություն են տարածում ծնողների և աշակերտների շրջանում՝ իբրև թե նախարարությունն արգելել է Վերջին դասի արարողությունը: Նախարարը կոչ է արել վերջիններիս՝ զերծ մնալ նման ապատեղեկատվության տարածումից, այլապես դրան կլինի համարժեք արձագանք:
     Խորհրդակցության ընթացքում քննարկվել են տարկետման, մագիստրոսական և ասպիրանտական տեղերի, հիմնադրամների գործունեության, ինչպես նաև գնումների որոշակի ընթացակարգերի վերաբերյալ խնդիրներ: Անդրադարձ է կատարվել նաև ներառական կրթության, միջնաժամկետ ծախսային ծրագրերի, դպրոցների ֆինանսավորման նոր բանաձևի և ընթացիկ մի շարք այլ խնդիրների վերաբերյալ հարցերին:

| | |
7042 | 0