«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարություն է տարածել.
«2018 թվականի մարտի 13-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ Երևանի քաղաքապետարանում 2018 թվականի մարտի 7-ին ապօրինի՝ 20000 դրամից մինչև 200000 դրամ գումար-քարտեր բաժանելու վերաբերյալ, որը Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը գնահատել է որպես խոշոր կոռուպցիոն գործարք:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հրաժարվել է կատարել իր պարտականությունը՝ հարուցել քրեական գործ և պատասխանատվության կանչել Տարոն Մարգարյանին և այլոց՝ կոռուպցիոն գործարք իրականացնելու համար, 2018 թվականի մարտի 30-ին «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը բողոքով դիմել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանին՝ պահանջելով որոշում կայացնել վերացնելու ՀՀ գլխավոր դատախազի կողմից թույլ տրված անգործությունը, հարուցել քրեական գործ և այն ուղարկել քննիչին՝ նախաքննություն իրականացնելու համար:
Այսօր՝ 2018 թվականի մայիսի 18-ին ժամը 16:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում վերոնշյալ բողոքի կապակցությամբ տեղի կունենա դատական նիստ»: