Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը՝ Սամվել Բաբայանի գործով հայցադիմումի մասին

11:50, ուրբաթ, 18 մայիսի, 2018 թ.
Քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը՝ Սամվել Բաբայանի գործով հայցադիմումի մասին

Քիչ առաջ բողոքի ցույցի մասնակիցների հետ հանդիպման եկավ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը: Խոսելով ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով հայցադիմումի մասին՝ նա հայտարարեց. «Օրենքով սահմանված ժամկետն ընթացքի մեջ է: Ի՞նչ է գործընթացն իրենից ներկայացնում. եթե բողոքները թերի են լինում, վերադարձվում են մինչև 1 ամսում: Կարող ենք ֆիքսել, որ բողոքը թերություն չի պարունակում, ուստի հիմքեր չկան վերադարձնելու: Հետո սկսվում է գործել եռամսյա ժամկետը, հաշվեք ապրիլի 17-ից սկսած: Սահմանված ժամկետում Վճռաբեկը պարտավոր է կայացնել համապատասխան որոշում»,- ասաց նա:

Ցուցարարները պահանջեցին, որ դա արվի հնարավորինս արագ՝ հաշվի առնելով քաղաքական նոր իրավիճակը: «Մեր պահանջն է հսեղմ ժամկետում վարույթ ընդունել արդարացման հայցադիմումը»,- նշեց ակցիայի կազմակերպիչներից Թևան Պողոսյանը:

«Դա կապված է գործի էությունից, բովանդակությունից, ուսումնասիրությունից, քննարկումից, հատորներից: Պետք է բազմակողմանի քննարկում իրականացվի, միանձնյա որոշումներ չեն կայացվելու: Որևէ մեկը չի կարող ասել՝ 5, 10 օրից այս կամ այն գործով կստանաք պատասխան»,- արձագանքեց Սերժիկ Ավետիսյանը:

Հիշեցնենք՝ «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունն առավոտից բողոքի ակցիա է իրականցնում Գլխավոր դատախազության ու Վճռաբեկ դատարանի շենքերի դիմաց:

7334 | 0
Facebook