Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ոչինչ չպետք է լինի, և ոչինչ չի լինում». Al Jazeera

12:55, երեքշաբթի, 08 մայիսի, 2018 թ.
«Ոչինչ չպետք է լինի, և ոչինչ չի լինում». Al Jazeera

Անցած շաբաթ Երևանի փողոցները մարդաշատ էին, երթևեկությունը կաթվածահար էր եղել, իսկ մարդիկ ազգային երգուպարով էին դիմավորում զբոսաշրջիկներին: Այս մասին ասվում է արաբական Al Jazeera հեռուստաալիքի կայքում:

Փաշինյանն, ում հեռուստաալիքը համեմատում է Մահաթմա Գանդիի հետ, սկսեց թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը մարտի 31-ից, և այժմ խորհրդարանը պետք է քննարկի վարչապետի պաշտոնում նրա նշանակման հարցը:

Al Jazeera-ն նշում է, որ 42-ամյա Փաշինյանը կարճ ժամանակահատվածում մեծ ճանաչում ձեռք բերեց, նա խոստացավ պայքարել օլիգարխիկ ռեժիմի դեմ՝ ապավինելով երիտասարդ սերնդի աջակցությանը:

«Նիկոլն ասում է. «Պետք է փակենք փողոցները, և փողոցները փակվում են»: Նիկոլն ասում է. «Ոչինչ չպետք է լինի, և ոչինչ չի լինում»: Մարդիկ ենթարկվում են նրան»,- հեռուստաալիքին ասել է 26-ամյա Ղևոնդը: «Եթե ամեն ինչ նույնը մնար, ոչ ոք չէր մնա այստեղ»,- նշել է Ղևոնդը՝ հավելելով, որ նա ևս պատրաստվում էր մեկնել Ռուսաստան:

Հեռուստաալիքը հայտնում է նաև, որ երեկ Հանրապետության հրապարակում ելույթ ունեցավ նաև Փաշինյանի կողմից հրավիրված աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը: Նա իր աջակցությունը հայտնեց հայ ժողովրդին և ասաց. «Ողջ աշխարհը ձեզ է նայում որպես դրական օրինակ: Երգով, պարով և ժպիտով հասաք ձեր նպատակին: Պետք է շարունակեք այս պայքարը նույն ոգով: Աշխարհը մեզ ճանաչում էր ցեղասպանությամբ, երկրաշարժով, պատերազմով, սակայն այս շարժումը բարձրացրեց մեր ազգի վարկանիշը»:

«Լինելով ժողովրդի ընտրյալ՝ նա պետք է հավատարիմ մնա իր շարժման սկզբունքներին և երկիրը ղեկավարի Սահմանադրությանը համապատասխան»,- հավելում է Al Jazeera-ն:

7830 | 3
Facebook