Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սերժ Թանկյանի, Ատոմ Էգոյանի, Արսինե Խանջյանի, Էրիկ Նազարյանի կոչը հայաստանցիներին

00:30, չորեքշաբթի, 02 մայիսի, 2018 թ.
Սերժ Թանկյանի, Ատոմ Էգոյանի, Արսինե Խանջյանի, Էրիկ Նազարյանի կոչը հայաստանցիներին

«Արդարությունը Հայաստանում» նախաձեռնությունը, որը 2017-ի խորհրդարանական ընտրություններին եկել էր Հայաստան դիտորդական առաքելությամբ, հայտարարություն է տարածել Հայաստանում ստեղծված վիճակի մասին։ Նախաձեռնության անդամները՝ System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը և սցենարիստ, ռեժիսոր Էրիկ Նազարյանը հորդորում են, որ Հայաստանում հնարավորինս շուտ տեղի ունենան արտահերթ ընտրություններ։

«Սիրելի հայրենակիցներ,

Այն, ինչի ականատեսը մենք եղանք անցյալ երկու շաբաթներին, Հայաստանում իրական ժողովրդավարական գործընթացի ակնհայտ հաղթանակն էր։ Ձեր գեղեցիկ ու խաղաղ ցույցերի արդյունքը ոչ միայն վարչապետի հրաժարականն էր, այլև մարդահոծ Հանրապետության հրապարակում հնչող կարծիքների բազմազանությունը։ Հրաշալի էր նաև, երբ մեր խորհրդարանն առաջին անգամ վերածվեց հանրային քննարկման հարթակի։ Հիրավի այսօր պատմություն է կերտվում։

Այսօր, իհարկե, պարզ էր, որ Նիկոլին վարչապետ չեն ընտրելու։ Սակայն մենք համոզված ենք, որ փոփոխության այս շարժումը շարունակվելու է ու նույնիսկ ավելի մեծ ուժ է հավաքելու, քանի որ մենք գնում ենք հանրության համար այդքան անհրաժեշտ համապետական ընտրություններին։ Հայաստանի քաղաքացիներն ու երիտասարդությունը խաղաղ բողոքի իրականացման նշաձողը բարձրացրին ամբողջ աշխարհի չափացույցով։ Ձեր համերաշխությունն ու միահամուռ նպատակը նոր ուղի են հարթում երկրում իրական ժողովրդավարական փոփոխությունների համար։ Մենք հորդորում ենք, որ այդ ընտրությունները տեղի ունենան հնարավորինս շուտ, քանի որ միայն այդ ճանապարհով կարելի է ձևավորել արդյունավետ գործող կառավարություն, որն իրապես կներկայացնի ժողովրդին։ Մենք խնդրում ենք չընկրկել զայրույթի ու հիասթափության առջև և պահպանել Ձեր դրական եռանդը։ Հաղթողները չեն կորցնում սառը դատողությունը։

Արդարությունը հաղթանակելու է։

Մենք Ձեզ հետ ենք»։

31933 | 2
Facebook