Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մայիսի 1-ին ժողովուրդը պետք է ցուցադրի իր հզորությունն ամբողջ թափով». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

20:40, հինգշաբթի, 26 ապրիլի, 2018 թ.
«Մայիսի 1-ին ժողովուրդը պետք է ցուցադրի իր հզորությունն ամբողջ թափով». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Շարունակելով իր ելույթը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց.- «Հիմա, բնականաբար, կան տարբեր մեսիջներ, գործարքի առաջարկներ, բայց ես ուզում եմ, որ մենք բոլորս հստակ արձանագրենք, որ այս համատեքստում կոռումպացված և հակաժողովրդական համակարգի հետ որևէ կոմպրոմիս լինել չի կարող, մենք այսօր հստակ քննարկել ենք մեր մեծ թիմով՝ ՔՊ կուսակցությամբ, #Իմ քայլը, #ՄերժիրՍերժին նախաձեռնություններով, ուսանողական շարժման ներկայացուցիչներով, որ պաշտոնների կիսման առևտրի մասին որևէ խոսք լինել չի կարող: Ես ուզում եմ՝ ժողովուրդը շատ հստակ արձանագրի, որ մենք չենք գնալու որևէ կուլիսային պայմանավորվածության, նաև այն պատճառով, որ այս պրոցեսի գործող առանցքային անձը ոչ թե այս հարթակն է, այլ հրապարակում կանգնած ժողովուրդը: Որևէ գործարք չի կարող լինել ժողովրդի թիկունքի հետևում: Եվ կա՛մ ես վարչապետ կընտրվեմ ժողովրդի պահանջով, կա՛մ էլ ՀՀ-ում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի:

Ես ուզում եմ, որ բոլորս հստակ արձանագրենք՝ մեր այս ոգեղեն շարժման որևէ արժեք մի միլիմետր անգամ չպետք է տուժի, մենք բարձրանալու ենք և մեզ հետ բարձրանալու է Հայաստանի Հանրապետությունը:

Մենք ակնկալում ենք, որ ԱԺ բոլոր խմբակցությունները ժողովրդի հաղթանակը կճանաչեն առանց նախապայմանների:

Մայիսի 1-ին մենք հավաքում ենք մեր ուժերը, որովհետև մեր քայլի հաջորդ օրը մայիսի մեկն է, երբ ՀՀ ժողովուրդը պետք է ցուցադրի իր հզորությունն ամբողջ թափով»:

Ժողովուրդը դիմավորեց նրան «Նիկոլ Վարչապետ» վանկարկումներով:

11489 | 1
Facebook