«Հայ ցուցարարները հեռացրեցին Ռուսաստանի բարեկամ վարչապետին. Մոսկվան նյարդայնացել է». CNBC
Ամերիկյան CNBC հեռուստաալիքն իր կայքում հոդված է հրապարակել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Հոդվածում ասվում է, որ Ռուսաստանի բարեկամ Սերժ Սարգսյանը երկուշաբթի անսպասելի հրաժարական ներկայացրեց, իսկ ցուցարարները տոնեցին այդ հաղթանակը: «Նախկին խորհրդային պետությունում, որն ունի մոտ 3 միլիոն բնակչություն և գտնվում է Ասիայի և Եվրոպայի միջև, և՛ տնտեսական, և՛ ռազմական առումով հենվում է Ռուսաստանի վրա: Կառավարությունում փոփոխությունները կարող են հարված հասցնել Ռուսաստանի ազդեցության մակարդակին, մինչդեռ Կրեմլն ուշադիր հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին»,- գրում է CNBC-ն: Ի՞նչ է կատարվում Հայաստանում. Սերժ Սարգսյանը, ով երկիրը ղեկավարեց 10 տարի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սերտ դաշնակիցն է, նա հեռացվեց վարչապետի պաշտոնից ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած բողոքի ցույցերի արդյունքում: «Ես սխալ էի: Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը»,- CNBC-ն մեջբերում է Ս. Սարգսյանի խոսքը: CNBC-ն գրում է նաև, որ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ խորհրդարանը պետք է ներկայացնի վարչապետի իր թեկնածուին մեկ շաբաթվա ընթացքում: Ռուսաստանն ուշադիր հետևում է. Հեռուստաալիքը նշում է, որ Հայաստանը համարվում է Ռուսաստանի ռազմավարական նշանակություն ունեցող դաշնակից երկիրը, և այն, ինչ կատարվում է Հայաստանում, չի կարող անտարբերության մատնվել Ռուսաստանի կողմից: «Մոսկվան, անկասկած, նյարդայնացած է և հետևում է, թե ինչ է կատարվում Հայաստանում իր ռազմավարական հովանու ներքո: Պուտինն արհամարհում է այսպես կոչված «գունավոր հեղափոխությունները», երբ մարդիկ բռնազավթում են իշխանությունը»,- ասվում է հոդվածում: Հայաստանն, ինչպես նշում է ամերիկյան հեռուստաալիքը, ապավինում է Ռուսաստանին՝ որպես ռազմավարական դաշնակից հարևան Ադրբեջանի դեմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: CNBC-ն եզրահանգում է, որ «Մոսկվան վստահում է Կարեն Կարապետյանին, սակայն սցենարի փոփոխության դեպքում Մոսկվան կնյարդայնանա, քանի որ չի վստահում Փաշինյանին»: |