Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ամերիկացի վերլուծաբանները՝ Հայաստանում բողոքի ցույցերի մասին

09:55, հինգշաբթի, 26 ապրիլի, 2018 թ.
Ամերիկացի վերլուծաբանները՝ Հայաստանում բողոքի ցույցերի մասին

Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումների վերաբերյալ «Ամերիկայի Ձայն»-ին իրենց տեսակետներն են հայտնել Վաշինգթոնի քաղաքական վերլուծաբանները:

Վաշինգթոնի Քարնեգի հաստատության վերլուծաբան Փոլ Սթրոնսկին անդրադարձել է վերջին շաբաթների ընթացքում Հայաստանում ստեղծված իրավիճակին և ներքաղաքական զարգացումներին և նշել.

«Զարմացած չեմ, որ Հայաստանում տեղի ունեցան ցույցեր, Հայաստանն այն երկրներից է, ուր առկա են բավականաչափ քաղաքական ազատություններ և քաղաքացիական հասարակություն, որը չի վերահսկվում իշխանության կողմից: Այս զարգացումները դրական են Հայաստանի համար, շատ դրական միտումներ են, հատկապես երիտասարդ սերնդի առաջ գալու փաստը: Հույս ունեմ, որ քաղաքացիական հասարակության և գործող իշխանական մարմինների համագործակցությամբ հնարավոր կլինի ստեղծել նոր իշխանություն, որն ավելի շատ պատասխանատու կլինի իր ժողովրդի համար»,- ասել է Սթրոնսկին:

Վաշինգթոնի Վիլսոն կենտրոնի վերլուծաբան Յուվալ Վեբերի կարծիքով, բողոքի ցույցերը հետխորհրդային տարածքում ունեն բազմաթիվ նմանություններ:

«Նմանատիպ բոլոր դեպքերում առկա են առաջնորդներ, ովքեր ցանկանում են պահպանել իշխանությունը և պատրաստ են փոխել գործող համակարգն իրենց իշխանությունը երկարաձգելու համար: Եվ բոլոր դեպքերում մարդիկ դուրս են գալիս փողոց և պայքարում դրա դեմ: Հայաստանի դեպքում պայքարը ոչ միայն ավարտվեց խաղաղ հանգուցալուծմամբ, այլև գործող վարչապետը ճանաչեց, որ իր ընտրած տարբերակը սխալ էր: Նրա հրաժարականի հայտարարության մեջ նշված է, որ առկա էին մի քանի տարբերակներ, սակայն ինքը չի ընտրում դրանցից ոչ մեկը»,- Ամերիկայի Ձայնի հետ զրույցում ասել է Յուվալ Վեբերը:

Քաղաքական վերլուծաբան Էմիլ Սանամյանը պատմական որակելով Հայաստանում տեղի ունցող քաղաքական գործընթացները՝ մատնանշել է նաև առաջիկայում սպասվող մարտահրավերները:

«Մարդիկ, ովքեր սատարել են Նիկոլ Փաշինիյանի շարժմանը, իհարկե, ցանկանում են նրան տեսնել երկրի նոր ղեկավարի պաշտոնում, բայց պետք է գիտակցել, որ անցումային փուլում բավականին շատ անելիքներ կան՝ այս պահից սկսած մինչև նոր կառավարության ձևավորումը»,- նշել է Էմիլ Սանամյանը:

Վաշինգթոնում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը Հայաստանի ցույցերի վերաբերյալ ապրիլի 23-ին Պետքարտուղարության արած հայտարարությունը դրական է որակել և ընդգծել.

«Միացյալ նահանգները որպես մեր գործընկեր երկիր վերահաստատեց, որ անցած տարիները մեր հարաբերությունների զագացման տարիներ են եղել և որ հետընթաց չի եղել»:

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի քաղաքացիական հասարակության ձևավորման մեջ ԱՄՆ-ի մեծ դերը, ինչպես նաև՝ Հայաստանի նոր քաքական ուժերի և կառավարության հետ աշխատելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը:

7506 | 1
Facebook