Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հետ ՀՀԿ-ական իշխանությունների ներքին մարտահրավերները». Վահե Սահակյան

02:05, հինգշաբթի, 26 ապրիլի, 2018 թ.
«Հետ ՀՀԿ-ական իշխանությունների ներքին մարտահրավերները». Վահե Սահակյան

Քաղաքագետ Վահե Սահակյանի հոդվածը վերջին օրերի զարգացումների մասին.

«Թվում է, թե Սերժ Սարգյանի հրաժարականից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ազգային Ժողովի մեծամասնություն կազմող ՀՀԿ խմբակցությունն, ըստ գործող Սահմանադրության, պետք է ընտրի նոր վարչապետ իրենց իսկ շարքերից, և, այդպիսով, բավարարի իր ընդդիմախոսների և ցուցարարների առաջին, հիմնական պահանջը՝ Սերժ Սարգսյանի հրաժարումը այսպես կոչված՝ «երրորդ ժամկետ»-ից։

Վերջին տասնամյակում, այնուամեյանիվ, ՀՀԿ-ն չի կարողացել գործնականորեն համոզել և ապացուցել ընտրողներին և քաղաքացիական այն ստվար շերտերին, ովքեր այս օրերին տոնում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, որ բավարար կամք է ցուցաբերել տեղական ու ազգային ընտրությունների ողջ ընթացքը օրինականության ու արդարության սկզբունքներով կազմակերպելու գործում, որ հաստատել է օրենքի իշխանություն, որտեղ չկան արտոնյալներ և ընչազուրկներ, որտեղ ամբարտավարնությունը խրախուսելի չէ, իսկ երկակի չափանիշները՝ ընդունելի նորմ։

Որպես իշխանություն, իրեն ենթարկած լինելով Հայաստանի Հանրապետության ոստիկանական ուժերն ու ներքին զորքերը, դատարաններն ու արդարադարտության ողջ համակարգը, ՀՀԿ-ն, մասնավորապես, չի կարողացել և/կամ համապատասխան կամք չի դրսևորել՝ երաշխավորելու տեղական ու համապետական ընտրությունների ժամանակ և, առհասարակ, արդարության, իրավահավասարության և օրնականության հիմնարար սկզբունքների գերակայությունն ու պահպանությունը։ Քաղաքացիների կողմից ՀՀԿ-ին վերագրվող մեղադրանքները, որոնք դարձնում են ՀՀԿ-ի իշխանությունից հեռացումը օրակարգային կարևորագույն հարցերից մեկը, և որոնք լրջագույն մարտահրավերներ են լինելու հետ-ՀՀԿ-ական իշխանությունների համար, կարելի է ամփոփել հետևյալ հիմական կետերում։ Նախապես նշենք, որ բոլոր կետերն էլ փոկապակցված են և փոխկախված․

ա) Անպատժելիությունը, անպատժելիները, վախի մթնոլորտը․

Քաղաքացիները տարիներ շարունակ ականատես են եղել և վերջին օրերին էլ տեսան, թե ինչպես որոշ արտոնյալներ, խախտելով հասարակական կարգը, անկաշկանդ հայտնվելով տեսախցիկների և ոստիկանության առջև, ոստիկանների անգործության պայմաններում և երբեմն հովանավորությամբ, կարող են իրականացնել ուրիշների առողջությանն ու գույքին բացահայտ վնաս հասցնելու նպատակով իրագործվող բռարարքներ, որոնց համար վստահ են, որ պատասխանատվության չեն ենթարկվելու։ Չնայած այս արտոնյալներին ձերբակալելու հիմքեր փնտրելու համար բացարձակապես ջանքեր պետք չեն՝ շրջանառվող տեսագրությունները, նկարներն ու ոստիկանների աչքերի առջև կատարվող գործողությունները բավարար փաստեր են, ոստիկանները նրանց, սովորաբար, անտեսում են։ Անպատժելիների այս դասը, սովորաբար, առավել ակտիվանում է ընտրական շրջանում, երբ ազատորեն կարող են կուտակումներ ստեղծել տարբեր ընտրատարածքների առջև և երբեմն՝ ներսում, առանց խոչընդոտների և կաշկանդվելու կարող են առաջարկել և ստիպել ընտրակաշառքներ, և, տեսախցիկների առջև հայտնվելու դեպքում, առանց դեմքի արտահայտություն որևէ փոփոխության՝ ստել, թե իբր աշխատավարձեր են բաժանում, մարդկանց «օգնում են» քվեարկել կամ հասնել ընտրատարածք։ Այսպիսի «անպատժելիների» խմբերի առկայության պայմաններում, քաղաքացիները հաճախ են ենթարկվում ֆիզիկական ու բարոյական բռնությունների։ Ավելին, այս խմբավորումների նկատմամբ ոստիկանության դրսևորած անտարբերության դեպքում, քաղաքացիները հաճախ ականատես են լինում խաղաղ ցուցարարների, այլ քաղաքացիների և երբեմն՝ իրենց իսկ ձերբակալություններին, որոնց հիմքերը որոշվում կամ հորինվում են հընթացս, երբեմն առանց բավարար փասերի։ Վերջին տասնամյակում ՀՀԿ-ն համոզել և ապացուցել է, որ չի տիրապետում այս երևույթները կանխելու համար անհրաժեշտ կամքին, և այս խնդրի լուծման ողջ բեռն ընկնելու է ՀՀԿ-ին հաջորդող իշխանական ուժերի վրա։

բ) Ոստիկանության և դատարանների ծառայեցումը կուսակցական և անձնական շահերին.

Անպատժելիների նկատմամբ ոստիկանության վերապահ վերաբերմունքին զուգահեռ, քաղաքացիները մեկ անգամ չէ, որ ականատես են եղել, թե ինչպես են ոստիկանությունը և դատարանները ծառայում իշխանության, ՀՀԿ-ի և նրա թեկնածուների շահերին՝ երբեմն կամ հաճախ անտեսելով իրենց իսկ (քաղաքացիների) շահերը։ Եթե այլ պարագայում, ոստիկանությունը բացարձակ կաշկանդված չի զգա քաղաքացիների գույքին և առողջությանը վնաս հասցնող գործողություններից՝ մեքենաները ջարդելուց, ձերբակալման կամ հատուկ գործողությունների ընթացքում քաղաքացիներին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ պատճառելուց, ընտրությունների ժամանակ քաղաքացիներն ականատես են լինում դեպքերի, երբ ոստիկանությունը մեծ եռանդով ու զորությամբ կարող է պաշտպանել հասարակ մի սեղան կամ մեկ նախընտրական շտաբ, որպեսզի հետաքրքրաշարժ քաղաքացիների խումբը հանկարծ, որևէ կերպ չկարողանա տեսնել սեղանի դարակների պարունակությունը կամ արձանագրել ՀՀԿ շտաբների ներսում տեղի ունեցող գործընթացները։ Եթե այլ պարագաներում ոստիկանությունը՝ քաղաքացիներին անհայտ փաստերի հիման վրա կարող է ձերբակալել ընդդիմության ներկայացուցիչների և գործիչների, իսկ դատական մարմինները կարող են գործեր հարուցել նրանց նկատմամբ, քաղաքացիներին հայտնի փաստերի հիման վրա, ինչպիսիք էին, օրինակ, դպրոցի տնօրենների գործը, «զիբիլիքս»-ը կամ ՍԱՍ սուպերմարկետի աշխատակիցների ազատ ընտրության սահմանափակման աշխատանքների ձայնագրությունը, ոստիկանությունը ձերբակալություններ չիրականացրեց, դատական գործեր չհարուցվեցին կամ հարուցված գործերը արագ կարճվեցին, և քաղաքացիներին հայտնի մեղավորները մնացին «չբացահայտված» և անպատիժ։ ՀՀԿ-ն, տիրելով իշխանության հիմնական ու կարևորագույն լծակներին, վերջին տաս տարիներին ապացուցել է, որ անկարող է համապատասխան կամք դրսևորել և քաղաքացիներին ու հասարակությանն ապահովել կուսակցականության նեղ շահերից և իշխանության ներկայացուցիչներից անկաշկանդ, քաղաքացիների շահերը պատշանող ոստիկանությամբ և դատարաններով։ Մեծագույն մարտահրավերը ՀՀԿ-ին հաջորդող իշխանության ուժերի համար։

գ) Ընտրակեղծիքները, ընտրակաշառքն ու վարչական ռեսուրսը.

ՀՀԿ առաջնորդների, շարքայինների ու համակրների համոզմամբ՝ իրենց կուսակցությունը վայելում է ժողովրդի լայն զանգվածների աջակցությունը, որը հիմնվում է 2017-թ.ԱԺ ընտրություններում ՀՀԿ հավաքած ձայների վրա (պաշտոնական տվյալներով՝ 54.09%): Քաղաքացիների համոզմամբ, սակայն, այս տոկոսը չի արտացոլում ժողովրդային իրական տրամադրությունները։ Քաղաքացիների ստվար զանգվածներ անձնական պատմություններ ունեն կամ լսել են, թե ինչպես և ովքեր են ընտրակաշառք առաջարկել, թե ինչպես, ովքեր և որտեղ են վերցրել կամ մերժել ընտրակաշառքներ, թե ինչպես են քվեարկել ընտրակաշառքը վերցնելուց կամ դրանից հրաժարվելուց հետո, թե ինչպես են մարզպետարանների, քաղաքապետարանների, մանկապարտեզ-դ֊պրոցների և այլ պետական ու ոչ պետական հիմնարկությունների աշխատակիցներ «հավաքագրվել» և «քվեարկել»։ Քաղաքացիները խոսում են միմյանց հետ, ծանոթ են իրենց ընկերներ, բարեկամներ, հարազատների փորձերին, համոզված են, որ երևույթը համատարած է ընտրությունների ժամանակ, և որ այն գործում է հիմնականում իշխանական ուժի (այն է՝ ՀՀԿ-ի) օգտին և նրա վերարտադրության համար։ Վերջին տասնամյակում, ՀՀԿ-ն մի քանի անգամ գործով ապացուցել է, որ չի դրսևորելու համապատասխան կամք՝ ընտրակաշառքի դեպքերը խստորեն հետապնդելու, դատապարտելու և իսպառ վերացնելու և վարչական ռեսուրսը իր շահերին չծառայեցնելու ուղղությամբ, որը ևս հերթական մարտահրավերն է հետ-ՀՀԿ-ական իշխանական ուժերի համար։

դ) ՀՀԿ-ական օլիգարխների և այլ «հեղինակությունների» ամբարտավանությունը․

Չնայած այն հանգամանքին, որ ողջ երևանաբնակ, և թերևս, նույնիսկ, հայաստանաբնակ, հասարակությունը կարող է առաջին իսկ փորձից և առանց սխալվելու նշել «Երևան Սիթի» կամ ՍԱՍ սուպերմարկետների ցանցերի սեփականատերերի, այս կամ այն ապրանքի ներմուծման վրա մենաշնորհներ ունեցող անձանց անունները (կամ մականունները), թվարկել իշխանությունների հովանավորությունը վայելող այս կամ այն պաշտոնյային պատկանող սեփականությունները Երևանում, Հայաստանի այլ մարզերում և, երբեմն, արտերկրում, մատնացույց անել նրանց պատկանող շքեղաշուք ապարանքներն ու թանկարժեք մեքենաները, լրագրողների համապատասխան հարցերին, սովորաբար, այսօրինակ պաշտոնյաները պատասխանում են ընդգծված ամբարտավանությամբ, հեգնանքով և, երբեմն, քամահրանքով, հրաժարվելով, թե իրենք որևէ առնչություն ունեն իրենց վերագրվող հայտնի «բիզնես»-ների հետ և պնդելով, թե իբր այդ ամենը ձեռք են բերել արդար աշխատանքով, սեփական քրտինքով կամ ստացել են նվիրատվությամբ։ ՀՀԿ վերջին տասը տարիների ընթացքում գործով համոզել և ապացուցել է հանրությանը, որ իր իշխանության տարիներին նման ամբարտավանությունը, կեղծիքը, ժողովրդին հիմարի տեղ դնող պաշտոնյաներին անհարիր պահվածքի դրսևորումները լինելու են ոչ միայն հանդուրժելի, այլ նաև՝ խրախուսելի, սակայն միայն իրենց իսկ հովանավորությունը վայելող որոշ արտոնյալ շրջանակների համար։

ե) Արտագաղթը, աղքատությունը, սոցիալական ծանր պայմանները, կրթության ու այլ համակարգերի քաղաքականացվածությունը, և մի շարք այլ կարևոր խնդիրներ, այն մյուս ներքին մարտահրավերներն են, որոնց մասին խոսվել է բազմիցս, շատերի կողմից, և որոնց հաղթահարման շուրջ ՀՀԿ-ն փաստել է իր վերջին տասնամյակի գործունեությամբ, որ ոչ մի լուրջ առաջընթաց չի կարող արձանագրել։

Եթե ՀՀԿ-ն որպես իր ձեռքբերումների հավաստում վկայակոչում է ինչ-որ մակրոտնտեսական ցուցանիշներ, Եվրոպական ու այլ դիտորդների վկայություններ, քաղաքացիներն, ովքեր այս օրերին տոնում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, ովքեր հավաքել ու հավաքվելու են հրապարակներում, վստահում են իրենց ամենօրյա շփումներին, ամենօրյա փորձին, ամենօրյա դժվարություններին և վերջին տասնամյակում արձանագրած հիասթափություններին ու հուսալքությանը։ Այն քաղաքական ուժը, որ տիրելով երկրի օրենսդիր, գործադիր, ու դատական իշխանություններին չի կարողացել իր իշխանության տասնամյակի ընթացքում համոզել ու ապացուցել իր իսկ քաղաքացիներին, որ հաշվետու է միայն ու միայն նրանց, աշխատում է միայն ու միայն նրանց շահերի համար, չի կարող հավակնել և ո՛չ մի առաջնորդող դիրքի, քանի դեռ չի ստացել այդ մանդատը արդար, ազնիվ, անկաշկանդ ու անկաշառք ընտրությունների միջոցով։ Իսկ քանի որ քաղաքացիները բազմիցս արձանագրել են ՀՀԿ-ի կողմից ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ կազմակերպելու անկարողությունը և/կամ դրա համար անհրաժեշտ կամքի բացակայությունը, հետևաբար այլընտրանքը ՀՀԿ-ի իշխանությունից հեռանալն է, և ժամանակավոր մի այնպիսի իշխանության ձևավորումը, ովքեր կկարողանան կազմակերպել իրական ժողովրդավարության հիմնական գրավական հանդիսացող արդար, ազատ ու թափանցիկ արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։

14018 | 1
Facebook