Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միջազգային լրատվամիջոցները հայտնում են Հայաստանում ընդդիմության և իշխանության միջև բանակցությունների խզման մասին

11:00, չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ.
Միջազգային լրատվամիջոցները հայտնում են Հայաստանում ընդդիմության և իշխանության միջև բանակցությունների խզման մասին

Երեկ հայտնի էր դարձել, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև ապրիլի 25-ին նախատեսված բանակցությունները չեղյալ են հայտարարվել:

Այս մասին հաղորդում են նաև միջազգային մի շարք լրատվամիջոցներ:

«ТАСС»-ը՝ վկայակոչելով ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, նշում է, որ Հայաստանի ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի միջև բանակցությունները չեն կայանա:

Ռուսական «РИА Новости», «Газета», «Лента», «Регнум», «Настоящее время» և մի շարք այլ հայտնի լրատվամիջոցներ մեջբերում են նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որում, մասնավորապես, ասվում է, որ «իշխանությունից ոչ մեկ չի լինելու վարչապետ, ժողովուրդն ինքն է ընտրելու իր վարչապետին»:

Միջազգային լրատվամիջոցները գրում են նաև, որ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել վերսկսել իշխանության դեմ բողոքի ակցիաները: Այդ մասին են հաղորդում ամերիկյան մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ:

Մասնավորապես, Us News-ը գրում է, որ այսօր ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանում կվերսկսվեն բողոքի ակցիաներն ընդդեմ իշխանությունների: «Հանրապետական կուսակցությունը ցանկանում է պահպանել իշխանությունը, մենք դա չենք հանդուրժի և չենք համաձայնի, որպեսզի վարչապետ նշանակվի այդ կուսակցությունից: Թույլ չենք տա, որ այդ կուսակցությունը շարունակի գոյատևել»,- պարբերականը մեջբերում է Փաշինյանի խոսքը:

Հայաստանյան վերջին զարգացումներին են անդրադառնում նաև New Times, The Washington Post, The Guardian, Reuters, The New York Times և մի շարք այլ լրատվամիջոցներ:

Հայաստանում ընդդիմության և իշխանության միջև բանակցությունների խզման և նոր ցույցերի մասին հաղորդում են նաև ուկրաինական, ղազախական, լատվիական, ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ:

6618 | 4
Facebook