Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ավտոկայանատեղում ծագած հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է 2 ավտոմեքենա. մանրամասներ

18:55, երեքշաբթի, 24 ապրիլի, 2018 թ.
Ավտոկայանատեղում ծագած հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է 2 ավտոմեքենա. մանրամասներ

Բնակելի շենքի հրդեհային անվտանգության կանոնների խախտումները բարդացրել են հրշեջների աշխատանքը

Ապրիլի 24-ին, ժամը 02:46-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռոստոմի փողոցի թիվ 29 բազմաբնակարան շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիից ծուխ է նկատվում: Դեպքի վայրում պարզվել է, որ բազմաբնակարան բարձրահարկ շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում այրվում է երկու ավտոմեքենա, և շենքի մուտքերը ծխալցվում են: Բարձրացած ծուխը և շենքին մոտեցման ուղիների բացակայությունը խոչընդոտել են փրկարարների աշխատանքը, իսկ վթարային ելքերի բացակայության պատճառով բնակիչներին տարհանելու նպատակով պահանջվել են կենցաղային հաշվարկներ և ավտոսանդուղքներ:

Իրականացված նախնական ուսումնասիրությունից պարզվել է, որ ավտոկայանատեղում ծագած հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է 2 ավտոմեքենա, ինչի հետևանքով ծխահարվել է ավտոկայանատեղը, և ծուխը երկու աստիճանավանդակներով տարածվել է բնակելի հարկեր և ներթափանցել բնակարաններ: Շենքը կառուցապատվել և շահագործման է հանձնվել 2008 - 2010 թթ.-ին:

Ավտոկայանատեղում հայտնաբերվել են շինարարական նորմերի հակահրդեհային պահանջների մի շարք խախտումներ.

- մոնտաժված չէ ավտոմատ հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգ,
     - մոնտաժված չէ հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգ,
     - մոնտաժված չէ ծխահեռացման ինքնաշխատ համակարգ,
     - գոյություն ունեցող ներքին հրդեհաշիջման նպատակների համար մոնտաժված ջրագիծը կահավորված չէ համապատասխան հրշեջ գույքով՝ փողակով և փողրակով,
     - ցանկացած բնակարանին հրշեջ ավտոսանդուղքների մոտեցման և փրկարարական աշխատանքների իրականացման համար շենքի արտաքին պատերից 8 մետր հեռավորության վրա նախատեսva] չէ կոշտ ծածկույթով 3,5 մետր լայնությամբ ճանապարհ:

Դեպքի առնչությամբ նշանակվել է հրդեհատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություն: ԱԻ նախարար պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանձնարարել է նաև պարզել, թե ով է եղել շինարարական նորմերի խախտումներով շենքին դրական եզրակացություն հատկացրած պաշտոնյան: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փաստում է, որ հրդեհային անվտանգության կանոնների նմանատիպ խախտումներ առկա են բնակելի շենքերի զգալի մասում և կոչ է անում բնակիչներին հետևողական լինել իրենց շենքերում հրդեհային անվտանգության նորմերի պահպանմանը

3932 | 1
Facebook