Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ժիրայր Սէֆիլյանի և Սասնա Ծռերի ողջույնի խոսքը հաղթական ժողովրդին

12:25, երեքշաբթի, 24 ապրիլի, 2018 թ.
Ժիրայր Սէֆիլյանի և Սասնա Ծռերի ողջույնի խոսքը հաղթական ժողովրդին

«Սասնա ծռեր» խմբավորման մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանը հայտնել էր, որ «ՀՀԿ հաքքերները կոտրել են իրենց կայքը, որտեղ տեղադրված է «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամներ Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի՝ հայ ժողովրդին ուղղված ողջույնի խոսքը:

Այն ներկայացնում ենք ստորև.

Սիրելի հայրենակիցնե՛ր, Հայաստանցինե՛ր և արտերկրահայե՛ր

Անհուն հպարտությամբ ու հիացմունքով ողջունում ենք համազգային հաղթանակը, որ դուք տարաք Քաղաքացիական Սարդարապատում։
     Դուք ապացուցեցիք, որ Հայ մարդը, Հայաստանի Քաղաքացին ազատ է, արժանապատիվ և արի։
     Առանձին ջերմությամբ ու սիրով ողջունում ենք երիտասարդներին, որ դարձան պայքարի առաջամարտիկն ու շարժիչ ուժը՝ բերելով ապագայի մշակույթը և ազգային իղձերի կատարման ու մարդկային երջանկության երաշխավորման հավատ ներշնչելով բոլորիս։
     Ողջունում ենք նաև զինվորականներին, որ միացան հարազատ ժողովրդին և դրանով վերջին մեխը խփեցին ռեժիմի դագաղի կափարիչին։
     Միևնույն ժամանակ, մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին կոչ ենք անում մնալ դիրքերում և կրկնակի եռանդով ու աչալրջությամբ հսկել սահմանը։
     Հատուկ ողջույն ենք հղում Քաղաքացիական Սարդարապատի կազմակերպիչներին ու առաջնորդներին՝ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին, Լենա Նազարյանին, Դավիթ Սանասարյանին, Արմեն Գրիգորյանին, Լևոն Բարսեղյանին և մյուս նվիրյալներին։
     Դուք կարողացաք շարժել համայն հայությանը, արթնացնել մեր հրաբխային ժողովրդին և նրա հրահեղուկ հոսքն ուղղել ի շահ Հայրենիքի ու պետականության։
     Բոլորդ միասին այնպես արեցիք, որ Ապրիլի 24-ը դառնա Ազգային վերածննդի օր։
     Փա՛ռք ու պատի՛վ բոլորիդ

Ժիրայր Սէֆիլյան
     Վարուժան Ավետիսյան (Սասնա Ծռերի անունից)
     «Արմավիր» ՔԿՀ

21133 | 4
Facebook