Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մակրոնը ուղերձով դիմել է Արմեն Սարգսյանին

11:15, երեքշաբթի, 24 ապրիլի, 2018 թ.
Մակրոնը ուղերձով դիմել է Արմեն Սարգսյանին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ին ուղերձով դիմել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:

Ուղերձում ասվում է.

«Պարոն նախագահ,

Ձեր կողքին մենք հիշում ենք 1915թ. ապրիլի 24-ը Կոնստանդնուպոլիսում և 600 հայ մտավորականների սպանդը, որը վկայում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության սկիզբը: Մենք երբեք չենք մոռանա սպանված այն տղամարդկանց, կանանց և երեխաներին, որոնք իրենց վախճանը գտան աքսորի ճանապարհներին՝ սովից, ցրտից եւ հյուծվածությունից:

Ֆրանսիան, որը Ժորժ Կլեմանսոյի, Անատոլ Ֆրանսի և Ժան Ժորեսի ձայնով դատապարտել էր Օսմանյան կայսրությունում հայկական ջարդերը, ընդունեց բազմաթիվ վերապրողների: Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի հետ միասին Ֆրանսիան դեռեւս 1915թ. մայիսի 25-ին այդ ջարդերը որակել էր որպես մարդկության և քաղաքակրթության դեմ ոճիր: 1915թ. սեպտեմբերին ֆրանսիական նավատորմը, կրակի տակ, կարողացավ փրկել Մուսա լեռան 4000 փախստականի:

Ցեղասպանության հիշողությունը եւ նրա դասերի նշանակությունը վերաբերում է մեզնից յուրաքանչյուրին: Հայոց ցեղասպանության հիշատակի 103-րդ տարեդարձի այս օրը Ձեզ և Ձեր ժողովրդին եմ հղում իմ ամենաջերմ և բարեկամական մտածումները:

Խնդրում եմ, Պարոն նախագահ, ընդունեք հարգանքներիս խորին հավաստիքը»:

7858 | 1
Facebook