Երևանի Գարեգին Նժդեհ հրապարակում ոստիկանները ծեծի են ենթարկել «Ազատության» ծրագրի թողարկիչ Անատոլի Եղիազարյանին։
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ, աշխատանքից տուն վերադարձող Եղիզարյանը փորձել է հեռախոսով նկարահանել, թե ինչպես են մոտ հինգ տասնյակ ոստիկաններ փորձում, ուժ գործադրելով, ցրել հրապարակը արգելափակած մեքենաների ցույցը։
Նկատելով, որ իրենց գործողությունները նկարահանվում են, վեց-յոթ ոստիկաններ հարձակվել են Եղիազարյանի վրա։ Աշխատակիցը կրելիս է եղել «Ազատության» ծառայողական վկայականը և այն հստակ ցուցադրել է, բացի այդ մի քանի անգամ զգուշացրել է, որ ինքը ռադիոկայանից է։ Անտեսելով այս ամենը, ոստիկանները նրան տապալել են գետնին և ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցրել, մասնավորապես՝ մեջքի և ստամոքսի հատվածներում։ Ոստիկանները նրան թողել են այն բանից հետո, երբ միջադեպին խառնվել են անցորդները։