Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

«Երեկ փողոցում տեսա մեր թաղամասում ապրող մի ոստիկանի, որ հանել էր համազգեստը, պահել ձեռքին, որ չճանաչեն իրեն». Մարի Բարսեղյան-Խանջյանի կոչը

13:35, ուրբաթ, 20 ապրիլի, 2018 թ.
«Երեկ փողոցում տեսա մեր թաղամասում ապրող մի ոստիկանի, որ հանել էր համազգեստը, պահել ձեռքին, որ չճանաչեն իրեն». Մարի Բարսեղյան-Խանջյանի կոչը

Դիմում եմ Հայաստանի ոստիկանների
     հայրերին, մայրերին, կանանց, որդիներին,
     դուստրերին, քույրերին և եղբայրներին.

Դուք հանգի՞ստ եք այս օրերին ու այս ժամերին, երբ տեսնում եք, թե ինչպես են Ձեր հարազատներն անմարդկային վերաբերմունք դրսևորում մեր, նաև ձեր ժողովրդի հանդեպ:
     Դուք՝ ոստիկանների հայրե՛ր, հպա՞րտ եք ձեր որդիների կատարած բռնությունների համար: Հայրն իր որդու մեջ տեսնում է իր շարունակությունը…Մի՞թե Դուք ձեր որդիներին ձեր հոգու լույս ու բարությունից ոչինչ չե՞ք կտակել...Կարծում եմ, հայրերի ու որդիների հավերժական «կռիվն» այսօրվանից ձեր մեջ ավելի կխորանա, և դուք, եթե ազնիվ մարդ եք ու ազնիվ Հայ, չեք կարող դիմանալ բարոյական այս հարվածին:
     Դուք՝ ոստիկանների մայրե՛ր, ի՞նչ խղճով եք ձեր ձեռքով պատրաստած մայրական համեղ ճաշը և սուրբ հացը դրել ձեր ազգադավ որդիների առաջ: Դուք չե՞ք ամաչում, մայրե՛ր, ձեր ծնած, սնած ու դաստիարակած որդիների բռնարարքների համար:
     Թուրքի յաթաղանից կոտորվելու և ցեղասպանվելու հարյուրամյակ ենք նշել և նզովել թուրքերին, պարզվում է՝ մեր ներսի թուրքը ոչնչով չի տարբերվում բարբարոս թուրքից:
     Ձեր որդիները որտե՞ղ են սովորել հայ կոտորելու թուրքի արվեստը: Դուք ո՞նց եք նայելու ձեր թոռների աչքերին...
     Երեկ փողոցում տեսա մեր թաղամասում ապրող մի ոստիկանի, որ երևի «հերթապահության» էր գնումՙ: Նա հանել էր վերնահամազգեստը, բռնել էր ձեռքին, որպեսզի մարդիկ չճանաչեն նրան որպես ոստիկանի: Այդ ոստիկանն արդեն ամաչում էր իր համազգեստից, մինչդեռ կանգառում կանգնած մարդիկ դա նկատեցին…
     Իմացե’ք, որ դուք ևս պատասխան եք տալու մեր պատմության և ներկա ու գալիք սերունդների առաջ: Հրաժարվե՛ք այն աշխատավարձից, որ ձեր հարազատ ոստիկանը տուն է բերում, դուք դրանով և՛ նրան դաս կտաք, և ձեր երեխաներին կփրկեք նզովքից:

Հրապարակախոս՝ Մարի Բարսեղյան-Խանջյան

20.04.2018թ.

5507 | 0
Facebook