Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Սերժ Սարգսյանը ցանկանում է կառչած մնալ իշխանությունից». միջազգային մամուլ

12:05, ուրբաթ, 20 ապրիլի, 2018 թ.
«Սերժ Սարգսյանը ցանկանում է կառչած մնալ իշխանությունից». միջազգային մամուլ

Միջազգային մամուլը շարունակում է անդրադառնալ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում վերջին օրերին իրականացվող բողոքի ցույցերին:

BBC-ն, The New York Times-ը, Euronews-ը, Al Jazeera-ն, Washington Post-ը և բազմաթիվ այլ հեղինակավոր լրատվամիջոցներ իրենց հրապարակումներում և ռեպորտաժներում ներկայացնում են Հայաստանի ներքաղաքական զարգացումները՝ վերլուծելով երկրում ստեղծված իրավիճակը:

The New York Times-ը նշում է, որ 2008-ից նախագահի պաշտոնը զբաղեցրած և սահմանադրական փոփոխությունների արդյունքում վարչապետի պաշտոնն ստանձնած Սերժ Սարգսյանը ցանկանում է կառչած մնալ իշխանությունից:

Հայտնի պարբերականն, ինչպես նաև Washington Post-ը նշել են նաև, որ ի նշան բողոքի երեքշաբթի «Քայլ արա՛, մերժի՛ր Սերժին» կարգախոսով հազարավոր ցուցարարներ շրջափակել էին մի շարք կառավարական շենքեր և կաթվածահար արել Երևան քաղաքի երթևեկությունը:

BBC-ն և The New York Times-ն անդրադարձել են նաև Նիկոլ Փաշինյանի՝ «առանց բռնության, թավշյա հեղափոխություն» իրականացնելու հայտարարությանը, վերջին օրերին բերման ենթարկված մոտ 60-80 քաղաքացիներին և վկայակոչելով Հայաստանյան ԶԼՄ-ները՝ հայտնել, որ ցուցարարների նկատմամբ ոստիկանությունը բռնություն է կիրառել:

Ռուսական RT-ն հրապարակել է ՀՀ կառավարության ղեկավար նշանակվելու կապակցությամբ Սարգսյանին ուղղված Պուտինի շնորհավորական ուղերձը, իսկ Sputnik-ի ռուսական ծառայությունը հոդված է հրապարակել՝ ««Գունավոր հեղափոխություն» կամ... ո՞վ է իրականում կանգնած Նիկոլ Փաշինյանի հետևում» խորհրդավոր վերնագրով:

5372 | 0
Facebook