Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կենսական է նաև Արցախի, Ջավախքի և Սփյուռքի միացումը համահայկական մեծ ընդվզմանը. «Երկիր Ծիրանի»

02:10, շաբաթ, 21 ապրիլի, 2018 թ.
Կենսական է նաև Արցախի, Ջավախքի և Սփյուռքի միացումը համահայկական մեծ ընդվզմանը. «Երկիր Ծիրանի»

ՀՀԿ-ական խմբավորումը, դեմ գնալով միլիոնավոր հայերի` ընդդեմ իշխանության հերթական յուրացման արդար ցասմանը, 2018 թվականի ապրիլի 17-ին հազարավոր համազգեստավոր անձանցով, փշալարերով և հատուկ տեխնիկայով պաշտպանված, իր խմբավորման ղեկավար Սերժ Սարգսյանին հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Վերջինս հետևյալ խոսքերով ընդունեց և յուրայիններին փորձեց հավաստիացնել, որ Հայաստանում իշխանությունը պատկանում է իր խմբակին՝ «Դուք ինձ եք մեղադրում մի աշխարհ ստեղծելու և այդ աշխարհում հրճվելու, չգիտեմ, բարդույթով, բարդույթով …, բայց այդ բարդույթը, աչքիս, ոնց որ թե ձեզ ավելի է բնորոշ: Դուք եք ձեզ համար աշխարհ ստեղծում, դուք եք, չունենալով այդ իրավունքը, խոսում ժողովրդի անունից՝ չհասկանալով հանդերձ, որ պրծավ, վերջ՝ սահմանադրական բարեփոխումներից հետո որևէ անհատ իրավունք չունի ժողովրդի անունից խոսելու: Ժողովրդի անունից կարող է խոսել միայն քաղաքական մեծամասնությունը»:

Այս հայտարարությունը խոստովանական ցուցմունք է իշխանության յուրացման մասին և ակնհայտորեն պարունակում է հանցակազմ, որին պարտավոր ենք քրեաիրավական գնահատական տալ:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը, շուրջ կես տարի շրջելով հայրենիքի և Սփյուռքի հայաշատ քաղաքներով, կարևորելով միաժամանակյա ընդվզումը և որդեգրելով քառորդդարյա բռնակալությունը տապալելու նպատակով ցանցային ու ներառող պայքարի տրամաբանությունը, 2018 թվականի մարտ-ապրիլ ամիսները հայտարարելով որպես համահայկական ընդվզման կարևոր և հաղթական փուլ, իր գործունեությունը հիմնականում ծավալել է Հայաստանի բոլոր քաղաքներում՝ «Ընդվզի՛ր» և «Մերժի՛ր սատանայի բանաձևը» կոչերով։

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը 2018 թվականի ապրիլի 17-ից Հայաստանի Հանրապետությունում ստեղծված քաղաքական իրավիճակը գնահատում է որպես համազգային ճգնաժամ, որի լուծումը տեսնում է համազգային ներառող մեծ ընդվզմամբ՝ ցանցային համակարգմամբ, որին մասնակից են ազգի բոլոր հատվածները և շերտերը՝ երիտասարդից մինչև տարեց՝ անկախ սեռից, մասնագիտությունից և կարգավիճակից։

Ընդվզման գործընթացը պետք է իրականացվի ներառող գործադուլների, համատարած դասադուլների, զանգվածային խաղաղ և անզեն քաղաքացիական անհնազանդության բազմաշերտ եղանակներով։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընդվզման ցանկությունն այսօր լիարժեք շարժման մեջ է, որը ողջունվում է և կարիք ունի հայության բոլոր հատվածների ընդգրկման։ Կարող ենք արձանագրել, որ Երևանը, Գյումրին և Վանաձորը զարգացող ընդվզման ընթացքի մեջ են։ Այլ քաղաքները և գյուղերը նույնպես միանում են, սակայն անհրաժեշտ և կենսական է նաև Արցախի, Ջավախքի և Սփյուռքի միացումը համահայկական մեծ ընդվզմանը։

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը պատրաստ է իր ուժերի և հնարավորությունների սահմաններում ստանձնել իր չափաբաժին պատասխանատվությունն ընդվզման գործընթացը սպասարկելու ուղղությամբ և կոչ է անում.

1. Հասարակական ու քաղաքական միավորներին, անհատներին՝ ստանձնել պարտականություն և սպասարկել ընդվզման գործընթացը իրենց ուժերի և հնարավորությունների ներքո՝ կատարելով ընդվզման որոշակի գործողություններ։

2. Իրավապահ մարմինների աշխատակիցներին՝ անցնել արդար ցասում արտահայտող ժողովրդի կողմը և ուղղակի իրականացնել իրենց առաքելությունը, կիրառել հարկադրանքի միջոցներ՝ վնասազերծելու իշխանությունը յուրացնողներ Սերժ Սարգսյանին և նրա ՀՀԿ-ական խմբավորմանը։

3. Զինված ուժերին՝ ընդվզման գործողությունների ընթացքում պահպանել չեզոքություն։

4. Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսին, որպես իրական հոգևոր հայր՝ սատար կանգնել համահայկական մեծ ընդվզմանը, քաղաքացիական խաղաղ անհնազանդությանը։

5. Եվրոպական Միության երկրներին՝ հետևել Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից միջազգային պարտավորությունների կատարմանը, կանխել բռնության և պատժիչ գործողությունների կիրառումը խաղաղ, անզեն ցուցարարների և քաղաքացիական անհնազանդության գործողություններ իրականացնողների նկատմամբ։

6. Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ նախաձեռնել պատժամիջոցների կիրառում Հայաստանի Հանրապետության քրեաօլիգարխիայի ներկայացուցիչների նկատմամբ՝ սկսած Սերժ Սարգսյանից։

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին իրազեկում ենք, որ նա շտապել է Սերժ Սարգսյանին շնորհավորել, որովհետև հայ ազգը Սերժ Սարգսյանին որպես Հայաստանի Հանրապետութան վարչապետ ծառայության չի վերցրել։ Մենք ակնկալում ենք Ձեր համագործակցությունը հայ ազգի հետ՝ ով այս պահին ընդվզում է Սերժ Սարգսյանի և իր գլխավորած քրեաօլիգարխիկ խմբավորման դեմ։

«Երկիր Ծիրանի» կուսակցություն

19 ապրիլի 2018

Երևան

3683 | 0
Facebook