Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քիչ առաջ ոստիկանությունը նոր հայտարարություն տարածեց

12:35, հինգշաբթի, 19 ապրիլի, 2018 թ.
Քիչ առաջ ոստիկանությունը նոր հայտարարություն տարածեց

Մայրաքաղաքում օրենքով սահմանված կարգի խախտմամբ իրականացվող երթերի և հավաքների մեկնարկի օրվանից` 2018 թ. ապրիլի 13-ից սկսած, դրանց կազմակերպիչների և մասնակցների գործողությունները հանգեցրել են հազարավոր քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքի, ինչպես նաև մի շարք հիմնարկների բնականոն գործունեության խաթարմանը:
     Այդ հավաքներն արդեն իսկ ուղեկցվել են զանգվածային անկարգություններով, որոնց ընթացքում անձանց նկատմամբ բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով ու վնասելով վտանգվել է քաղաքացիների կյանքն ու առողջությունը, հասարակական անվտանգությունը:
     2018 թ. ապրիլի 16-ին ՀՀ ոստիկանության կողմից «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով որոշում է կայացվել դադարեցնել հավաքը, և այդ մասին իրազեկվել է հավաքի կազմակերպիչը, ով արհամարհելով այն` շարունակում է հիշյալ որոշմանը չենթարկվելու կոչերը:
     Նույն գործելաոճով ապօրինի հավաքի ղեկավարի գլխավորությամբ և նրա անմիջական ցուցումներով դրա մասնակիցներն այսօր առավոտից կազմակերպված կերպով փակել են ՀՀ կառավարության մասնաշենքի մուտքը` խոչընդոտելով աշխատակիցների անարգել մուտքն ու ելքը մասնաշենք: Հավաքի կազմակերպիչները և մասնակիցները ոչ միայն շարունակում են չենթարկվել իրենց ապօրինի գործողությունները դադարեցնելու մասին ոստիկանության օրինական պահանջներին, այլև բռնի գործողություններ են կատարում նրանց նկատմամբ:
     Նման վարքագիծն ակնհայտորեն դուրս է խաղաղ հավաքների բովանդակությունից և ևս մեկ անգամ ապացուցում է, որ կազմակերպիչների արտաքուստ «խաղաղ» կոչերով փորձ է արվում քողարկել ակնհայտ ապօրինի գործողությունները:
     Ստեղծված իրավիճակում, իրենց օրինական պահանջներին չենթարկվելու համար ոստիկանության ծառայողները ստիպված են վարչական ներգործության միջոցներ կիրառել իրավախախտում կատարած անձանց նկատմամբ:
     Բացի այդ հետևելով ապօրինի վարքագիծ դրսևորելու մասին հավաքի ղեկավարի կոչերին` դրա մասնակիցները վտանգում են իրենց կյանքն ու առողջությունը, որի հետևանքների համար ամբողջ պատասխանատվությունը կրում են կազմակերպիչները:

5489 | 0
Facebook