Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ազատ կամարտահայտության ընթացքում պետք է բացառվի բռնությունը. Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ

18:15, երեքշաբթի, 17 ապրիլի, 2018 թ.
Ազատ կամարտահայտության ընթացքում պետք է բացառվի բռնությունը. Արմեն Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կարծիքը կարևոր է երկրի համար, սակայն ազատ կամարտահայտության ընթացքում պետք է բացառվեն բռնությունն, անօրինական գործողությունները և այլոց իրավունքների սահմանափակումը: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան տրված բացառիկ մեկնաբանության մեջ ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

«Ըստ Սահմանադրության՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածության առաջադրումը խորհրդարանական ուժերի իրավունքն է: Ազգային ժողովի մեծամասնության ներկայացրած թեկնածուին ընդդիմությունը կարող է հակադրվել՝ իր քվեի միջոցով:

Ցանկացած քաղաքական ուժի կամ քաղաքացու իրավունքն է նաև Սահմանադրությամբ իրենց վերապահված իրավունքների շրջանակում՝ լինի դա հավաքի, ցույցի և այլ խաղաղ միջոցներով, ազատորեն արտահայտելու իրենց կարծիքը, համաձայնությունը կամ անհամաձայնությունը քաղաքական այս կամ այն իրադարձության նկատմամբ:

Ազատ խոսքի և կամարտահայտության իրավունքը ժողովրդավարության կարևորագույն արժեքներից է: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կարծիքը կարեւոր է երկրի համար:

Միևնույն ժամանակ ազատ կամարտահայտության ընթացքում պետք է բացառվի բռնությունը, անօրինական գործողությունները և այլոց իրավունքների սահմանափակումը:

Մեր երկրի անվտանգությունը և ազգային համերաշխությունը բոլորիս համար պետք է լինեն առաջնային ու անքննելի անհրաժեշտություն:

Եվ, իհարկե, կրկին ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու առողջությունը և կյանքը՝ ուսանողից, ցուցարարից մինչև ոստիկան, թանկ է բոլորիս համար»:

Աղբյուրը` armenpress.am
4338 | 5
Facebook