«Մենք Ուզբեկստան վերածելու հայրենիք չունենք, մենք Սերժ Սարգսյանի Հայաստանում ապրելու ցանկություն չունենք». Կարպիս Փաշոյան
![]() Նրանք ովքեր չարախինդ ցինիզմով կանխատեսում են Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացման դեմ պայքարի հավանական պարտությունը, հավանաբար գլխի չեն ընկնում, որ շարժման պարտությունը ոչ թե Նիկոլի պարտությունն է, այլ` ձախողումը Հայաստանի Հանրապետության: Եթե ուշադրություն դարձնենք վիճակագրությանը, ապա Սերժի բոլոր հաղթանակները իրենց սուր ծայրով ուղղված են եղել Հայաստանի հանրության դեմ, այսինքն այն ժամանակ, երբ Սերժը հաղթել է, Հայաստանի հանրությունը ծանր պարտություն է կրել: Նիկոլ Փաշինյանն իմ երազանքների քաղաքական գործիչը չէ, և առհասարակ ես նրա գլխավորած քաղաքական ուժի հետ գաղափարական խորը և անլուծելի խնդիրներ ունեմ և հավանաբար ապագայում էլ կունենամ: Ավելորդ չի լինի նկատել, որ քաղաքական ուժի ստեղծման օրվանից ի վեր այն իմ կողմից մշտապես սուր ու անզիջում քննադատության է ենթարկել և ասվածի համատեքստում շատերի մոտ հնարավոր է և տարակուսանք առաջանա, թե համանման անհամաձայնության և քննական վերաբերմունքի տիրույթում ինչպե՞ս է հաջողվել համերաշխության եզրեր գտնել: Խնդիրը հստակ է և միանշանակ: Ես ու իմ ընկերները մեր կանխատեսումներում այդքան էլ լավատես չենք, ավելի կոնկրետ՝ սկսել ենք զգալ բռնապետության գարշահոտը, որը քիմիական ամպի պես ծանրացել է Հայաստանի հորիզոնում՝ աղտոտելով երկնքի վճիտ կապույտը: Ներկայումս Հայաստանի Հանրապետության առջև ծառացած ամենամեծ մարտահրավերը մեկ անձի իշխանության հավերժացման սպառնալիքն է: Բոլոր մյուս մարտահրավերները՝ Ադրբեջանական ագրեսիայից մինչև էկոլոգիական հիմնախնդիրներ դրա տրամաբանական ածանցյալներն են: Մտքներիցդ հանեք, Հայաստանը երբեք չի կարող դիմակայել Արդրբեջանին, քանի դեռ չունի կենսունակ քաղաքական համակարգ, իսկ մեկ անձի քմահաճույքների և շահերի վրա խարսխված համակարգը չի կարող լինել կենսունակ: Սա թերևս ՀՀ պատմության ամենամեծ արկածախնդրություններից մեկն է, որը վերահաս աղետի պես ծառացել է հայաստանցիների առջև: Եվ այսպես, հաշվի առնելով պահի լրջությունը, մենք՝ բոլորս, պետք է մի կողմ թողնենք գաղափարական տարաձայնություններն ու անձնական խնդիրները և համերաշխություն հայտնենք ՔՊ-ի պայքարին: Հեղափոխությունից հետո դեռ կհասցնենք Նիկոլենց հետ բանավիճել, գորգոռալ, հայհոյել և այսպես շարունակ, բայց հիմա իրավիճակն այլ է: Մենք պետք է միավորվենք ու ջախջախենք Սերժ Սարգսյանի բուրգի նույնիսկ ամենավերջին քարը: Մենք Ուզբեկստան վերածելու հայրենիք չունենք, մենք Սերժ Սարգսյանի Հայաստանում ապրելու ցանկություն չունենք, փողոցը մերն է, մենք էլ՝ փողոցինը, #քայլարա ու #ՄերժիրՍերժին: Իսկ նրանք ովքեր դեմ չեն Սերժի իշխանության հավերժացման ձեռնարկին, ապա. Ալեքսանդր Սարգսյանը թո՛ղ շարունակի ուտել նրանց երեխաների ճաշիկի կեսը: |