Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 15 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Կալանավորին խոշտանգելու համար «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակիցը կալանավորվել է

16:35, հինգշաբթի, 12 ապրիլի, 2018 թ.
Կալանավորին խոշտանգելու համար «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակիցը կալանավորվել է

Կալանավորի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ Ա. Հ-ն նույն հիմնարկի մի խումբ ծառայողների հետ խոշտանգել է կալանավոր Ա. Ա-ին, որից հետո` խոշտանգման դեպքը թաքցնելու նպատակով, դիմել է պաշտոնեական կեղծիքի:

Այսպես, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2018 թվականի մարտի 16-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել կալանավոր Ա. Ա-ն, ում ընդունել է հիմնարկի հերթապահ խմբի առաջին կարգի մասնագետ Ա. Հ-ն: Այդ ժամանակ կալանավոր Ա. Ա-ի կողմից բարև չտալու հարցի շուրջ խոսակցություն է ծավալվել վերջինիս և Ա. Հ-ի միջև, որի ընթացքում կալանավորը հայհոյանքներ է տվել: Դրանից հետո Ա. Հ-ն կալանավորին ուղեկցել է ՔԿՀ-ի` խուզարկության կատարման համար նախատեսված սենյակ և հայհոյանքներ տալու համար նրան պատժելու նպատակով հիմնարկի մի խումբ ծառայողների հետ նշված սենյակում խոշտանգել է վերջինիս` դիտավորությամբ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Այնուհետև, Ա. Ա-ին խոշտանգելու դեպքը թաքցնելու նպատակով, Ա. Հ-ն ՔԿՀ մի խումբ պաշտոնատար անձանց հետ կազմել է իրականությանը չհամապատասխանող կեղծ արձանագրություն այն մասին, թե, իբր, կալանավորին խուզարկելու ժամանակ վերջինս չի ենթարկվել իրենց օրինական պահանջներին և խոչընդոտել է ՔԿՀ աշխատակիցների օրինական գործողությունների կատարմանը, ուստի նրա ագրեսիվ վարքագիծը կանխելու նպատակով իրենց կողմից կիրառվել է ֆիզիկական ուժ:

Այսպիսով, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մի խումբ ծառայողների հետ կալանավորին խոշտանգելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար Ա. Հ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

| | |
2004 | 0