Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կոչ ենք անում թույլ չտալ հակաիրավական գործողություններ. ոստիկանության հայտարարությունը` հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին

21:15, չորեքշաբթի, 11 ապրիլի, 2018 թ.
Կոչ ենք անում թույլ չտալ հակաիրավական գործողություններ. ոստիկանության հայտարարությունը` հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին

Քաղաքացիական շարժումների առանձին ներկայացուցիչների կողմից հնչեցվում են հայտարարություններ, որ մայրաքաղաքում փակվելու են փողոցներ, շրջափակվելու են շենքեր, շինություններ: Նմանատիպ գործողություններն անխուսափելիորեն խոչընդոտ կհանդիսանան քաղաքացիների իրավունքների և կազմակերպությունների բնականոն գործունեությանը:

Պարզաբանում ենք, որ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի ուժով հավաքի անցկացումը չպետք է հանգեցնի այլ անձանց հիմնական իրավունքների կամ հանրության շահերի անհամաչափ սահմանափակման:

Նույն օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված է հավաքի մասնակցի պարտականությունը՝ չխոչընդոտել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի, շինությունների կամ այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը:

Հիշեցնում ենք նաև, որ վերը նշված օրենքի 31-րդ հոդվածով սահմանված են հավաքի ղեկավարի իրավունքները և պարտականությունները, որոնք, ի թիվս այլոց, ներառում ենհավաքի ղեկավարի պարտականությունները՝հավաքի ընթացքում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հավաքի բնականոն ընթացքն ապահովելու համար, մասնավորապես՝ հավաքի մասնակիցների կողմից բռնի գործողությունները կանխելու, բռնությունից զերծ մնալու և ուժի կիրառմանը պատրաստ մասնակիցներից սահմանազատվելու կոչերի միջոցով, ինչպես նաև հավաքի մասնակիցներին անմիջապես տեղեկացնել հավաքի խաղաղ և բնականոն ընթացքն ապահովելու վերաբերյալ ոստիկանության ծառայողների պահանջների մասին։

Կոչ ենք անում հավաքի մասնակիցներին անշեղ կատարել օրենքով նախատեսված պահանջները և թույլ չտալ հակաիրավական գործողություններ՝ խուսափելու համար դրանից բխող իրավական հետևանքներից:

Միաժամանակ կոչ ենք անում հավաքի փաստացի կազմակերպիչներին՝ դրսևորել քաղաքացիական բարձր գիտակցություն և օրինավոր վարք, հավաքի վայրերում պարտադիր փոխգործակցել ոստիկանության ներկայացուցիչների հետ:

Խաղաղ, առանց զենքի, բնականոն հավաքը կստանա ոստիկանության անվերապահ աջակցությունը, կերաշխավորվեն հավաքի բոլոր մասնակիցների՝ հավաքի ազատության իրավունքն ու անվտանգությունը:

2942 | 1
Facebook