Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 16 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Ինչպես են վերականգնվում հնությունները «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում

23:05, կիրակի, 15 ապրիլի, 2018 թ.
Ինչպես են վերականգնվում հնությունները «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի վերականգնման լաբորատորիայում պարբերաբար վերականագնվում են կազմակերպության ֆոնդերում և մասնաճյուղ արգելոց-թանգարաններում պահվող առարկաներն, ինչպես նաև` պեղումներից հայտնաբերված գտածոները: Փոքրիկ աշխատասենյակում կողք-կողքի շարված, տարբեր ժամանակաշրջաններն ընդգրկող ու բացառիկությամբ միմյանց չզիջող հնագիտական առարկաները ամրակայումից ու վերականգնումից հետո ներկայանում են այցելուներին: Այդ ծավալուն ու պատասխանատու աշխատանքն ստանձնած վերականգնման լաբորատորիայի վարիչ Տիգրան Զաքյանը, հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանն ու վերականգնող Ներսես Մամիկոնյանը յուրաքանչյուր առարկայի նկատմամբ անհատական մոտեցում են ցուցաբերում, հայտնում է ՊՈԱԿ-ի մամուլի ծառայությունը:

«Ցուցադրության ներկայացված առարկաների «առողջացման»` մաքրման ու վերականգնման անհրաժեշտությունն օրինաչափ է ու արդարացված»,- ասում է վերականգնման լաբորատորիայի վարիչը: Տիգրան Զաքյանը ցույց է տալիս «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանից բերված նյութերը: Այդ առարկաների մի մասը 1960-70 ականներին վերականգնվել են, ցավոք մի քանիսը` ոչ պատշաճ:

«Այն ժամանակ գուցե փորձը մեծ չէր կամ էլ վերականգնելիս մի փոքր շտապել են: Հիմա մենք աշխատում ենք շտկել նախկինում թույլ տրված սխալները»,- նշում է Տ. Զաքյանն՝ ավելացնելով, որ «Մեծամոր»-ի ֆոնդից ու ցուցադրությունից այս տարի լաբորատորիա է բերվել 60 միավոր առարկա:

Հնագիտությունն անբացատրելի հետաքրքիր աշխարհ է, ոչ պակաս հետաքրքիր է նաև այդ առարկաներին նոր կյանք տալը: Պեղավայրից բերված գտածոյի արտաքին շերտը երբեմն փակում է ինչ որ զարդանախշ, որը կարող է նաև գլոբալ փոփոխությունների բերել գիտական աշխարհում:

Վերականգնման լաբորատորիայի աշխատակիցները խեցեղենից բացի, մաքրում, ամրակայում և վերականգնում են հնագիտական մետաղե առարկաներ, մարդկային և կենդանական ոսկորներ և դրանցից պատրաստված առարկաներ: Դրանց թվում բացառիկ է Մեծամոր հնավայրից հայտնաբերված և հետուրարտական ժամանակաշրջանով թվագրվող, քարից պատրաստված ափսեն եզակի (գտնվել է դամբարանում): Նմանատիպ ափսե հայտնաբերվել է նաև Լոռի բերդի պեղումների ժամանակ:

Լաբորատորիայում մետաղե առարկաները մաքրում, վերականգնում է Ներսես Մամիկոնյանը: Ամբողջ գործընթացը կատարվում է մանրադիտակի սուր «աչքի» հսկողությամբ` հատուկ գործիքների միջոցով գնահատվում է առարկաների պահպանվածության աստիճանը, որից հետո վերականգնողը լծվում է բուն աշխատանքին:

«Հիմա սրանք մաքրման փուլում են, հետո կսկսենք վերականգնել: Նստվածքը դժվար է մաքրվում, հատուկ նյութերով ու խոզանակներով զգուշորեն մաքրում ենք դրանք, որ հիմնական շերտը չվնասենք: Վերականգնման ընթացքում արդեն լրացնում ենք բացակա հատվածները»,-զրույցը շարունակում է լաբորատորիայի վարիչը:

Արդեն մի քանի տարի է լաբորատորիայում են գտնվում Մեծամորից բերված երկու կարասները: Հայ-լեհական միջազգային հնագիտական արշավախմբի իրականացրած պեղումների ընթացքում բացվել է վաղ երկաթի դարաշրջանին (մ.թ.ա. XI-IX դդ.) վերաբերող կացարան, որը հավանաբար հրկիզվել է բնակավայրի գրոհի ժամանակ: Այս մասին վկայում է տվյալ հատվածում առկա մոխրի հաստ շերտը: Տիգրան Զաքյանը հայտնաբերված մեծ քանակությամբ բեկորները մաքրելուց և դասակարգելուց հետո հավաքել և ամբողջացրել է երկու կարաս, որոնց բացակա հատվածները լրացրել է գիպսով, այդպիսով նոր կյանք պարգևելով մեր հազարամյա մշակույթի մի մասնիկը համարվող գտածոներին:

Կարասներն առաջիկայում կտեղափոխվեն ու կցուցադրվեն «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում: Մշտական ցուցադրությունում կարասները առանձնահատուկ տեղ կունենան, քանի որ մինչ այդ իրենց ձևով ու չափերով նմանատիպ կարասներ չեին հայտնաբերվել: Նման կարասներ հանդիպում են Կարմիր բլուրի մինչուրարտական բնակավայրի, Դվինի երկաթեդարյան բնակատեղիի պեղումներից:

Տիգրանը ցույց է տալիս մի փոքրիկ գավաթ, որը հայտնաբերվել է կարասների բեկորների հետ: Կարասներից մեկի իրանի վերնամասում բացահայտվել և վերականգնվել է ելուստ-հարթակ, որն էլ հավանաբար նախատեսված է եղել վերոնշյալ գավաթի համար:

Հսկա կարասները կիսով չափ թաղված են եղել հողի մեջ, ինչը ենթադրել է տալիս, որ դրանց մեջ մեր նախնիները գինի են պահել:

Ինչևէ, առաջիկայում պատրաստ կլինեն դրանց մետաղյա պատվանդանները, որից հետո վերականգնված առարկաները կտեղափոխվեն «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան` ցուցադրության:

| | |
1325 | 0