Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Թուրքիային կոչ է արել դադարեցնել իրավիճակի սրումն ու ազատ արձակել հույն 2 զինվորականներին, ովքեր ձերբակալվել էին Թուրքիայի սահմանը հատելու համար, հաղորդում է Reuters-ը:
«Թուրքիան պետք է դադարեցնի հարձակումներն ու բարի կամք դրսևորի, որպեսզի արագացնի երկու զինվորականների վերադարձը, ովքեր պահվում են Էդիրնեի բանտում: Մեր արևելյան հարևանները սրում են իրավիճակը բոլոր ռազմաճակատներում»,- ասել է Ցիպրասը նախարարների խորհրդի նիստի ժամանակ:
Նրա կարծիքով՝ Անկարայի պահվածքը կապ ունի Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների և աշխարհաքաղաքական ցնցումների հետ: Ցիպրասը նշել է, որ անհրաժեշտ է դադարեցնել միմյանց ուղղված մեղադրանքները:
«Պետք է դադարեցնել լարվածության սրման հռետորաբանությունը, որը ոչնչի չի հանգեցնի»,- ասել է նա:
Հունաստանի վարչապետը նաև հավելել է, որ Հունաստանը որևէ մեկին չի սպառնում և ոչ ոքից չի վախենում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՄ-ն Էրդողանին կոչ էր արել վերադարձնել հույն զինծառայողներին և դադարեցնել սադրել Կիպրոսին: