Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ-ում ՌԴ ռազմական ոստիկանության տեղակայումն ապօրինի է. ԻՔՄ

12:30, երեքշաբթի, 27 մարտի, 2018 թ.
ՀՀ-ում ՌԴ ռազմական ոստիկանության տեղակայումն ապօրինի է. ԻՔՄ

«Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հոդվածը ՌԴ ռազմական ոստիկանության տեղակայման վերաբերյալ.

Երեկ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի հարավային ռազմական շրջանի շտաբը տարածեց հաղորդագրություն, ըստ որի Հայաստանում պետք է տեղակայվեն ՌԴ ԶՈւ Ռազմական ոստիկանության ստորաբաժանումները: Հրազենով զինված այս ստորաբաժանումները նախատեսվում է տեղակայել Երևանում և Գյումրիում ի հակառակ այն հանգամանքի, որ ռուսաստանյան ռազմական ոստիկանության տեղակայումը Հայաստանում ապօրինի է և ամրագրված չէ որևէ միջպետական պայմանագրով:

Համաձայնագրերը

1997 թվականին ստորագրվեց և 2002 թվականին ուժի մեջ մտավ «ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ համաձայնագիրը»: Դրա 1-ին հոդվածով թվարկվում են կողմերի իրավապահ մարմինները, որոնք ունեն պայմանագրով ամրագրված իրավասություններ:

Մի կողմ թողնելով բուն իրավասությունների քննարկումը (որը քննարկել ենք Պերմյակովի դեպքի ժամանակ)՝ արձանագրենք, որ պայմանագրով ամրագրված չէ ՌԴ ԶՈւ ռազմական ոստիկանության որևէ իրավասություն ո´չ Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի ներսում և ո´չ էլ դրանից դուրս:

Պայմանագրով տարբեր իրավասություններ ունեն ՌԴ զինվորական դատարանները, զին. դատախազությունը, անվտանգության դաշնային ծառայությունը և այլն: Ռազմական ոստիկանության մասին որևէ խոսք չկա և չի էլ կարող լինել, քանի որ այդ մարմինը ստեղծվել է պայմանագրի ստորագրումից հետո՝ 2011 թվականին:

Այլ կերպ ասած՝ ՌԴ ԶՈւ ռազմական ոստիկանությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գործելու որևէ իրավասություն չունի: Ընդ որում, ՌԴ ԶՈւ ռազմական ոստիկանության կողմից պարեկություն իրականացնելը, բնականաբար, որևէ կերպ նախատեսված չէ նաև 2000 թվականի ստորագրված «ՀՀ-ում ռուսաստանյան ռազմակայանի տարածքից դուրս ՌԴ ռազմական կազմավորումների ամենօրյա գործունեության և կայազորային ծառայության կազմակերպման մասին» պայմանագրով:

Զենք կրելը

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հաղորդագրության համաձայն՝ ռազմական ոստիկանության անձնակազմը ստանալու է նաև «հրազեն, ռազմական տեխնիկա ու հատուկ միջոցներ»: Այնինչ, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության զինծառայողների կողմից հրազենի կրումն ու կիրառումը խստորեն ամրագրված է «ՀՀ-ում ռուսաստանյան ռազմակայանի զինծառայողների կողմից զենք կիրառելու մասին»1997 թվականի համաձայնագրում:

Մասնավորապես, նշված համաձայնագրի 2-րդ հոդվածն ամրագրում է, որ ռազմակայանի տեղաբաշխման կետերից դուրս «որպես ծայրահեղ միջոց կարող է տրվել զենք»: Ընդ որում, այդ զենքը կարող է պահվել, կրվել և օգտագործվել բացառապես պաշտպանական նպատակներով (ռազմաբազայի գույքը, զենքը, ծառայողներին ու ծառայողների ընտանիքի անդամներին պաշտպանելու համար):

Կարգապահության պահպանման կամ ճանապարհային երթևեկության ապահովման համար զենք պահելու, կրելու կամ առավելևս օգտագործելու իրավունք ՌԴ Զինված ուժերի (այդ թվում՝ ՌՈ) ծառայողները չունեն:

Հիշեցում

Հարկ ենք համարում հիշեցնել, որ 2015 թվականի հունվարին ՌԴ 102-րդ ռազմակայանի զինծառայող Վալերի Պերմյակովի փախուստի ժամանակ (Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո) ՌԴ զինծառայողները պայմանագրերի խախտմամբ հրազենի կիրառմամբ իրականացնում էին որոնողական աշխատանքներ և կրկին պայմանագրերի խախտմամբ ձերբակալեցին Պերմյակովին, վերջինիս չփոխանցելով Հայաստանի ոստիկանությանը:

2015 թվականի դեպքերի ժամանակ Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված պայմանագրերի խախտումների համար որևէ մեկը պատասխանատվություն չկրեց: Այդ թվում քննության առարկա չդարձավ այն, որ 102-րդ ռազմակայանից Վալերի Պերմյակովի զենքով փախուստի մասին, ի հեճուկս պայմանագրերի պահանջի, Հայաստանի ոստիկանությունը տեղեկացվեց միայն 7 ժամ հետո, երբ Ավետիսյանների ընտանիքն արդեն սպանված էր:

6653 | 1
Facebook