Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

«Երեխաների արյան և մազերի մեջ հայտնաբերվել է ծանր մետաղների բարձր պարունակություն». մտավորականներն ահազանգում են հանքարդյունաբերության վնասակար հետևանքներից

17:55, ուրբաթ, 23 մարտի, 2018 թ.
«Երեխաների արյան և մազերի մեջ հայտնաբերվել է ծանր մետաղների բարձր պարունակություն». մտավորականներն ահազանգում են հանքարդյունաբերության վնասակար հետևանքներից

ՀՀ Կառավարության կողմից հանքարդյունաբերությունը հայտարարված է որպես երկրի զարգացման գերակա ճյուղերից մեկը: Հայաստանի տարածքում արդեն շահագործվում է շուրջ 400 հանքավայր, այդ թվում 23-ը՝ մետաղային: Ընդ որում այդ ցուցանիշները անընդհատ աճի միտում ունեն, քանզի տրամադրվում են նորանոր հանքերի շահագործման թույլտվություններ: Պատկերը լրացնում են 22 պոչամբարները, որոնք աղտոտում են շրջակա միջավայրը ծանր մետաղներով և այլ թունավոր նյութերով, ինչպես նաև հանդիսանում են տեխնածին աղետների հնարավոր կենտրոններ:

Պետությանը հասանելիք շահույթի առումով նշված գործունեության տնտեսական օգուտն աննշան է, տարեկան կազմելով ՀՆԱ-ի ընդամենը 2,5-2,9%: Սակայն, էկոլոգիական, հետևաբար և բնակչության առողջության համար ռիսկերը, հատկապես մետաղային հանքերի պարագայում, հսկայական են: Այդ մասին են վկայում թե պաշտոնական բնապահպանական մոնիտորինգի և առողջապահական վիճակագրական տվյալների համադրումն ու վերլուծությունը, թե հատուկ իրականացված գիտահետազոտական աշխատանքները:

Այսպես, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում, Հայաստանի ամերիկյան համալսարանում, «Քանաքեռ-Զեյթուն» ՓԲԸ Հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների ԳՀԻ-ում, Երևանի Պետական համալսարանում կատարված ուսումնասիրությունները բացահայտում են էկոհամակարգային շղթայի՝ հող-ջուր-օդ-բույս, հետևաբար և սննդի աղտոտվածությունը ծանր մետաղներով, ինչպես նաև ազդակիր համայնքների բնակչության առողջության ցուցանիշների վատթարացումը, հատկապես նորագոյացությունների և արյան շրջանառության հիվանդությունների պարագայում: Բավական է նշել, որ առավել ռիսկային գոտիներում բնակվող երեխաների արյան և մազերի մեջ հայտնաբերվել է ծանր մետաղների բարձր պարունակություն:

Խիստ մտահոգություն է հարուցում նաև այն փաստը, որ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների Հայաստանն այն երկրների շարքում է, ուր վերջին տարիներին քաղցկեղից մահացության ցուցանիշը շատ բարձր է: Փաստ է, որ երևույթն ուղղակիորեն կախվածության մեջ է նաև էկոլոգիական իրավիճակից:

2017թ. ՀՀ Կառավարության կողմից հաստատվել է ՀՀ-ում հանքարդյունաբերության զարգացման հայեցակարգը, ուր բավականին օբյեկտիվորեն գնահատված է երկրում ստեղծված էկոլոգիապես անբարենպաստ իրավիճակը և նույնիսկ նշված է, որ ոլորտում բացակայում է որևէ դրական փոփոխություն: Գործունեությունը շարունակվում է խորացնելով էկոլոգիական և առողջապահական ռիսկերը: Դասեր չեն քաղվել նույնիսկ Թեղուտի հանքի շահագործման և դադարեցման խիստ բացասական օրինակից, երբ բոլոր կանխատեսվող վտանգները վատագույնս դրսևորվել են, իսկ այսպես կոչված սոցիալ-տնտեսական օգուտները հօդս ցնդել:

Առանձնահատուկ շեշտում ենք՝ երկրի սահմանափակ տարածքում պարզապես անհնար է զուգակցել Հայաստանի զարգացման առաջնահերթ ճանաչված ուղղությունները` հանքաարդյունաբերությունը և գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունը: Անընդհատ ավելացող հատկապես մետաղային բաց հանքերի քանակը և պոչամբարները, որոնք թունավորում են շրջակա միջավայրը, հատկապես՝ ջրային ռեսուրսները, ուղղակի խորընդոտ են գյուղատնտեսության՝ առաջին հերթին՝ էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական ապրանքների արտադրությանը և զբոսաշրջության զարգացմանը:

Դիմում ենք ՀՀ Ազգային ժողովին և կառավարությանը.

· կասեցնել շրջակա միջավայրի համար հատկապես վտանգավոր մետաղային հանքերի շահագործումը և նոր թույլտվությունների տրամադրումը,

· անհապաղ միջոցներ ձեռնարկել վնասված և աղտոտված տարածքների վերականգնման և բնությանը հասցված վնասը փոխհատուցելու ուղղությամբ՝ առաջնային համարելով Լոռու և Սունիքի մարզերը,

· ուսումնասիրել ազդակիր համայնքների առողջապահական, սոցիալական վիճակի բնութագիրը և դրա հիման վրա բնակչությանը ցուցաբերել ամբողջական աջակցություն,

· պատասխանատվության ենթարկել բնությանը և տեղի բնակչությանը վնաս հասցրած մասնավոր ձեռնարկություններին:

Ակնկալում ենք համապարփակ պատասխան՝ օրենքով նախատեսված ժամկետում:

Մտավորականների խորհրդի անունից՝

ԱԶԱՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՝ Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ՝ Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ՝ արտակարգ ու լիազոր դեսպան, Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ

ՖԵՐԴԻՆԱՆԴ ԱՌԱՔԵԼՅԱՆ՝ Քանդակագործ

ՌՈԼԱՆԴ ԱՎԵՏԻՍՅԱՆ՝ քիմիական գիտ. թեկնածու

ՎԱՀԱՆ ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ՝ Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ, տեխ.գիտություննրի.դոկ.

ԱՐՄԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ՝ Պատմաբան-քաղաքագետ, ՌԴ հումանիտար գիտ. ակադեմիայի անդամ, պրոֆեսոր

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ, <<Քաղաքակրթությունների երկխոսություն>> ազգային կենտրոն ՀԿ ղեկավար

Երևան, 23.03.2018թ.

9696 | 0
Facebook