Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Ռուբեն Հայրապետյանն՝ առաջիկա խաղերի, Ազգերի լիգայի և Ծառուկյանի ակումբի մասին

17:40, հինգշաբթի, 22 մարտի, 2018 թ.
Ռուբեն Հայրապետյանն՝ առաջիկա խաղերի, Ազգերի լիգայի և Ծառուկյանի ակումբի մասին

Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ Հայաստանի 2017 թվականի լավագույն ֆուտբոլիստների մրցանակաբաշխության արարողությունը։ Արարողությունից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց լրագրողների հարցերին։

Էստոնիայի և Լիտվայի դեմ ընկերական խաղերի մասին

«Ընկերական խաղերից միակ ակնկալիքը փորձարկումներն են: Մարզիչն էլ այնպիսի մրցակիցներ է ընտրել, որոնք մեր մոտ ապագայի մրցակիցների նման են: Հաղթանակները միշտ էլ հաճելի են, բայց չֆիքսվենք հաղթանակի վրա. այս խաղերով պաշտոնականներին նախապատրաստվելու համար են»։

Դավիդ Յուրչենկոյի մասին

«Յուրչենկոյի հետ ոչ մի խնդիր չկա: Ես՝ որպես ֆեդերացիայի նախագահ, շատ եմ ցանկանում տեսնել մեր դարպասը Յուրչենկոյով փակված։ Որպես ֆեդերացիայի նախագահ ամեն ինչ անելու եմ, որ նա գա Հայաստանի հավաքական: Մնացածը կախված է իրենից»:

Նորբերտո Բրիասկո-Բալեկյանի և Ժոաո Ժորդի Մոնրո Արարատի մասին

«Շատ ուրախ եմ, որ կես բերան ասել ենք, և նրանք ոգևորված միացել են Հայաստանի հավաքականին: Մոնրո Արարատի ակումբը խնդրեց, որ հունիսին գա հավաքական, որովհետև իրենք խաղեր ունեն մոտ օրերս: Մենք թույլատրել ենք: Նորբերտոն արդեն մասնակցում է մարզումներին, երիտասարդ է, ապագա ունեցող ֆուտբոլիստ։ Կարծում եմ՝ մեր հարձակման գիծն ուժեղացնող ֆուտբոլիստ է»:

Նոր մարզաշապիկի մասին

«Նոր մարզաշապիկներն առայժմ չենք ստացել: Ստանալուց ամենաառաջինը լրագրողներն են իմանում, հետո նոր ֆուտբոլիստները: Հենց ստացանք, ես ձեզ խոստանում եմ՝ կտեսնեք: Բավականին գեղեցիկ, առաջին անգամ մեր դիզայնով, մեր պատվերով մարզաշապիկներ են։ Ողջ համազգեստը մեր պատվերով է»:

Տոմսերի նոր քաղաքականության մասին

«Նոր քաղաքականություն չկա, քաղաքականությունը չի փոխվել, մնացել է նույնը, ուղղակի աբոնեմենտների համակարգ է ներդրվել: Կհաջողվի, թե ոչ թող ասեն երկրպագուները և դուք, որ ինձ մեղադրել եք... այս խաղից կերևա՝ ես եմ մեղավոր, թե երկրպագուները և ինձ քննադատողները։ Այս խաղին տեսեք՝ ինչ գին եմ սահմանել: Կտեսնենք՝ ես եմ ճիշտ, թե դուք բոլորդ»:

Գագիկ Ծառուկյանի՝ նոր ակումբներ ստեղծելու մասին

«Խնդրում եմ՝ բառերի մեջ զգույշ լինեք։ Ակումբը չի բացվում։ Ակումբը դուռ չի, որ բացվի, փակվի: Դուք մեղավոր չեք, որովհետև հենց ակումբ «բացողներից» եք դա լսել։ Ակումբը ստեղծվում է: Կան ակումբի որոշ տերեր, ովքեր ակումբ են ստեղծում և հայտարարում են, որ ակումբ են բացել։ Ես միշտ դեմ եմ եղել, որ ակումբը բացվի, ոնց բացվում են, այդպես էլ փակվում են: Ես կողմ եմ նոր ակումբ ստեղծելուն։ Ազնվորեն, չգիտեմ, թե ինչ նոր ստեղծվող երկու ակումբների մասին է խոսքը: Սպորտի նախարարը եկել է ինձ հետ հանդիպման, քննարկել ենք, ասել են, որ երկու ակումբ են ցանկանում ստեղծել: Ես թույլ չեմ տվել ֆինանսավորման նույն աղբյուրից երկու ակումբ ստեղծել, քանի որ ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն արգելում են ֆինանսավորման միևնույն աղբյուրից նույն առաջնությունում 2 ակումբի գոյությունը: Բացի դա, մեր կանոնադրությունն էլ թույլ չի տալիս, որ ակումբն օդի մեջից հայտնվի Բարձրագույն խմբում: Ես սպորտի նախարարին խորհուրդ եմ տվել, նշել եմ, որ «Էրեբունի» ակումբը ֆինանսական խնդիրներ ունի, իմ հորդորով նրանք վերցրել են այդ ակումբը, որը մոտ ժամանակներս, կարծում եմ, կանվանափոխվի «Կոտայք»: Կարող է մրցանակային տեղ չզբաղեցնել, բայց հայտնվել Բարձրագույն խմբում։ Այդ ժամանակ, ֆեդերացիան և գործկոմը կարող են որոշում կայացնել, որ Առաջին խմբից 4 թիմերը բարձրանան Բարձրագույն խումբ և դառնա 10 թիմ: Դա մեր իրավասությունների մեջ է և կարող ենք թույլ տալ դա»։

Արգենտինացի մարզիչների առջև դրված խնդիրների մասին

«Նրանց առջև դրված խնդիրն ազգային հավաքականի համար շատ ֆուտբոլիստներ պատրաստելն է, որ այլևս այս կամ այն դիրքում խնդիրներ չունենանք։ Տարիների ընթացքում պետք է լուծենք այդ խնդիրը»:

Ազգերի լիգայի մասին

«Ազգերի լիգան հատկապես մեզ համար շատ մեծ հնարավորություն է մասնակցել Եվրոպայի առաջնությանը: Շատ մեծ հնարավորություն է: Հիմա այդ ընկերական խաղերը, որ անցկացնում ենք, միտված է հենց Ազգերի լիգայի մրցակիցների պես մրցակիցների հետ խաղալու փորձ ձեռք բերելուն։ Ազգերի լիգայի վրա մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնելու: Դա մեր ամենամեծ հնարավորությունն է։ Պետք է փորձենք բաց չթողնել։ Աստված տա, ամեն ինչ լավ լինի, վնասվածքների զերծ մնանք ու միասնական լինենք»։

Սևանում ֆուտբոլի նոր դպրոց կառուցելու մասին

«Եթե ուշադրություն եք դարձրել, ես ոչ միայն Սևանում եմ նոր դպրոց բացում, այլև ամբողջ հանրապետությունում: ՀՖՖ նախագահ ընտրվելու օրվանից դա իմ ծրագիրն է եղել՝ ուշադրություն դարձնել մանկապատենական ֆուտբոլի զարգացմանը: Դա իմ անմիջական պարտականությունը չէ, բայց մենք այնպիսի ֆինանսական հոսքեր ենք ստեղծում, որ տարեկան 1-2 դպրոց կարողանանք կառուցել»։

5150 | 0
Facebook