Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չգիտենք՝ ինչ ուղղությամբ գնանք, որ կարողանանք կանգնեցնել Կարո Եղնուկյանի դեմ տարվող հանցավոր գրոհը». պաշտպաներն ահազանգում են

16:30, հինգշաբթի, 22 մարտի, 2018 թ.
«Չգիտենք՝ ինչ ուղղությամբ գնանք, որ կարողանանք կանգնեցնել Կարո Եղնուկյանի դեմ տարվող հանցավոր գրոհը». պաշտպաներն ահազանգում են

«Քանի դեռ ապստամբելու բնական իրավունքը չի քննարկվում իշխանության, դատարանի, մեղադրողի կողմից, մնացած քննարկումները, որոնք տեղի են ունենում դատարանում, ցավոք սրտի ժամանակի անիմաստ վատնում են»,- այսօր հայտարարել է «Սասնա ծռեր»-ի գործով պաշտպան Արայիկ Պապիկյանը:

«ՀՀ նախագահն իր խոսքի մեջ ուղղակի տեքստով ընդգծեց վրեժխնդրության մասին: Թեև նա շեշտեց, որ անձնական վրեժխնդրություն թույլ չի տալու այս գործով դատավարությունում, բայց երբ պետության առաջին դեմքի շուրթերից հնչում է նման արտահայտություն, նշանակում է եղել է այդպիսի մոտեցում և ենթադրվում է, որ անձնական վրեժխնդրությունը դրսևորվում է մի քանի ձևով. օրինակ, «Սասնա ծռեր»-ի անդամներին խոշտանգելը: Նման բան Հայաստանի դատարաններում երբեք չէր եղել: Նրանցից մի քանիսի նկատմամբ ՔԿՀ-ներում դաժան, անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում»,- նշեց Ա. Պապիկյանը

Նա հավելեց, որ «Սասնա ծռեր»-ի վճիռները դեռևս պաշտոնապես չկան, բայց ենթադրում են, որ դրանք արդեն պատրաստ են:

Փաստաբաններից Տիգրան Հայրապետյանն էլ խոսել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի առողջական վիճակից և նրա նկատմամբ տարվող անարդար դատավարությունից: «Եղնուկյանը և նրա պաշտպանները հայտնվել են գրեթե անելանելի վիճակում: Հիմա մենք ի լուր բոլորի հայտարարում ենք, որ նրա կյանքը վտանգված է, իսկ մենք չգիտենք ինչ ուղղությամբ գնանք, որ կարողանանք կանգնեցնել այս ակնհայտ հանցավոր գրոհը Եղնուկյանի դեմ»,- ասել է պաշտպանը՝ հավելելով, որ միջնորդությունը, որով խնդրում են Կարո Եղնուկյանի գործն առանձնացնել և առանձին քննել, դատարանը մերժել է առանց հիմնավորման:

3103 | 0
Facebook