Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մարտի 1-ի» գործով նախկին փաստահավաք խմբի անդամը հայտարարում է՝ Ռոբերտ Քոչարյանի նշած տեսագրությունները բացակայում են

14:40, հինգշաբթի, 22 մարտի, 2018 թ.
«Մարտի 1-ի» գործով նախկին փաստահավաք խմբի անդամը հայտարարում է՝ Ռոբերտ Քոչարյանի նշած տեսագրությունները բացակայում են

Ինչպես հայտնել էինք, ձայների 9 կողմ, 56 դեմ հարաբերակցությամբ ԱԺ «Ելք» խմբակցության «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը երեկ մերժվեց:

Նիկոլ Փաշինյանն ապացույցներ էր պահանջել ՀՀ երկրորդ նախագահի հայտարարության վերաբերյալ, ըստ որի՝ 2008-ի մարտի 1-ին ցուցարարներն ավտոմեքենայի հետևից դուրս են եկել, կրակել զինվորների վրա ու թաքնվել: «Չկա նման ապացույց, հետևաբար Քոչարյանին պետք է կանչել հարցաքննության»,- ասել էր ընդդիմադիր պատգամավորը:

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանն արձագանքել էր, որ «բոլոր ձայնագրությունները, որի մասին խոսել է Ռ. Քոչարյանը, քրեական գործում կան, բայց դրանց ծանոթանալու իրավունք որևէ մեկը չունի»:

«Ազատության» եթերում թեմային անդրադարձել է «Մարտի 1-ի» գործով նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը. «Տեսանյութերը մեզ հասանելի են եղել, ժամերով նայել ենք, ուսումնասիրել: Կրակող ցուցարարներին վերաբերող նյութ մենք էլ շատ կուզեինք տեսնել, ուստի վստահաբար կարող եմ ասել, որ այդպիսի նյութերը բացակայում են: Գևորգ Կոստանյանի հայտարարությունը մեկ խնդիր է լուծում՝ որքան հնարավոր է հեռացնել Ռոբետ Քոչարյանին հարցաքննության կանչելու հնարավորությունից... Գուցե Կոստանյանին խնդրել են այդպիսի նախադասությամբ հանդես գալ, որպեսզի Քոչարյանի գրասենյակը կամ Քոչարյանը մի քիչ հանգստանա՞ն»,- նշել է Անդրանիկ Քոչարյանը: «Եթե կադրեր կան, ինչպես պարոն Փաշինյանն է ասում, ցույց տվեք ու հիմնավորեք, որ ցուցարարներ են»,- հավելել է նա:

5604 | 0
Facebook