Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«2016թ. ապրիլին մահացած զինծառայողն այնպիսի հոգեբանական վիճակում չի գտնվել, որը կհանգեցներ ինքնասպանության». փորձագետ

14:15, չորեքշաբթի, 21 մարտի, 2018 թ.
«2016թ. ապրիլին մահացած զինծառայողն այնպիսի հոգեբանական վիճակում չի գտնվել, որը կհանգեցներ ինքնասպանության». փորձագետ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդագրություն է տարածել.

«Իջևանի զորամասերից մեկում 2016թ. ապրիլի 25-ին մահացած զինծառայող Հովհ. Պետրոսյանին «բնորոշ չեն եղել այնպիսի հոգեբանական առանձնահատկություններ, որոնք կարող էին էապես ազդել նրա կողմից ենթադրյալ ինքնասպանություն կատարելու վրա». եզրակացրել է դատահոգեբանական փորձաքննություն իրականացրած փորձագետը: Նշենք, որ Հովհ. Պետրոսյանին մահացած էին գտել իրեն ամրակցված մեքենայի թափքում: Քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը): Հովհ. Պետրոսյանի իրավահաջորդի շահերի պաշտպանությունն ստանձնել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Կազմակերպության փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Անի Չատինյանը: 2017թ. օգոստոսի 2-ից 2018 թ. հունվարի 16-ին իրականացված դատահոգեբանական փորձաքննության արդյունքներով՝ Հովհ. Պետրոսյանի բնավորությունն ու անհատական հոգեբանական առանձնահատկությունները չէին կարող ազդել ենթադրյալ ինքնասպանություն կատարելու վրա: Ըստ փորձագետի՝ դեպքի պահին ևս Հովհ. Պետրոսյանն այնպիսի հուզական վիճակում չի գտնվել, որի արդյունքում կարող էր ինքնասպանություն գործել: Փորձագետը բացառել է նաև հրամանատար Վաչագան Հայրապետյանի և մյուս ծառայակիցների գործողությունների և Հովհ. Պետրոսյանի ենթադրյալ ինքնասպանություն գործելու հանգամանքի միջև պատճառահետևանքային կապը: Հիշեցնենք, որ վաշտի հրամանատար Վաչագան Հայրապետյանը մահացած զինծառայողի հոր հետ առերես հարցաքննությունից օրեր անց՝ 2016թ. հոկտեմբերի 10-ին, ավտովթարից մահացել է: Վերջինս գործի համար կարևոր նշանակություն ունեցող տեղեկությունների էր տիրապետում և իր ցուցմունքներում նշել էր դրանց մասին: Դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ՝ փորձագետը միանշանակ չի գնահատել մասնագիտացմանը չհարմարվելու կամ դիտողության արժանանալու հանգամանքների՝ ինքնասպանության դրդելու հնարավորությունը. նրա խոսքով՝ «չկան այնպիսի հոգեվիճակներ, իրադրություններ, խնդիրներ և հանգամանքներ, որոնք միանշանակ հանգեցնում են ինքնասպանության»:

2900 | 0
Facebook