Մարտի 22-ին Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովի ժամանակ գլխավոր թեմաներից մեկը կլինի Մեծ Բրիտանիայում ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հետաքննությունը: Այս մասին, РИА Новости-ի հաղորդմամբ, Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկիի հետ հանդիպման արդյունքներով ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Հինգշաբթի մենք կքննարկենք այդ հարցը»,- ասել է Մերկելը:
Բացի այդ, նրա խոսքով, Ռուսաստանը պետք է ապացուցի, որ չի կապ չունի Սկրիպալի թունավորման հետ:
«Մենք կարծում ենք, որ լուրջ տեղեկություններ կան գործին Ռուսաստանի ներգրավվածության հետ կապված, և այժմ Ռուսաստանը պետք է ապացուցի, որ դա այդպես չէ»,- ասել է Գերմանիայի կանցլերը:
Իր հերթին, Մորավեցկին հայտարարել է, որ Մերկելի հետ քննարկել է այդ թեման: «Մենք խոսել ենք Սոլսբերիում թունավոր նյութի կիրառմամբ հարձակման մասին: Մենք համաձայնության ենք եկել, որ ԵՄ-ն պետք է վճռական, և ոչ թե խորհրդանշական պատասխան տա»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Լեհաստանը՝ հետևելով Մեծ Բրիտանիայի օրինակին, կարտաքսի ռուս դիվանագետներին: