Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Քաղաքապետն իր այդ լիազորությունը չարաշահելով՝ թույլ է տալիս անթույլատրելին». Դավիթ Խաժակյանը՝ սեփականաշնորհվող տարածքների մասին

17:25, երկուշաբթի, 19 մարտի, 2018 թ.
«Քաղաքապետն իր այդ լիազորությունը չարաշահելով՝ թույլ է տալիս անթույլատրելին». Դավիթ Խաժակյանը՝ սեփականաշնորհվող տարածքների մասին

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը պարբերաբար ահազանգում է մայրաքաղաքի տարբեր համայնքներում սեփականաշնորհվող հողատարածքների մասին: Վերջին գրառումներում «Ելք» խմբակցության անդամը հրապարակել էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արված լուսանկարներ՝ նշելով, որ այդ հողատարածքներն «անխնա ավիրվում են», գազոնների ու կանաչ տարածքների հաշվին շինություններ են կառուցվում, քաղաքի բյուջե էլ լուրջ գումարներ մուտք չեն գործում:

Նշենք, որ Ա. Բախշյանի ահազանգը վերաբերում էր Րաֆֆու և Անդրանիկ փողոցներում ընթացող շինարարական աշխատանքներին:

«Համարում եմ՝ Երևանի համայնքային հողերին բոլոր վարչական շրջաններում մոտեցումը և վերաբերմունքը նույնն է: Տպավորություն է, որ դա իրենց սեփական հողերն են, որ դրանց միջոցով իրենք բիզնես են անում՝ վաճառում են բոլոր այն հողերը, որտեղ հնարավոր է կամ անհնար, այսինքն՝ թե՛ մայթային հատվածներ, թե սիզամարգի հատվածներ, իսկ մենք պարբերաբար դա նկատում ենք և տիկին Բախշյանի արձագանքն էլ այդ դեպքի մասին է: Մենք դրա մասին մշտապես խոսում ենք, բայց ի՞նչն է գլխավոր խնդիրը՝ այն, որ դա քաղաքապետի լիազորությունն է, և քաղաքապետն, ըստ էության, իր այդ լիազորությունը չարաշահելով՝ թույլ է տալիս անթույլատրելին՝ սիզամարգերի, մայթերի վրա վաճառել այդ հողերը՝ թույլ տալով այնտեղ կառուցապատումներ իրականացնել»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով վերոնշյալ խնդրին, մեկնաբանեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Հարցին՝ բացի ահազանգելուց, ի՞նչ մեթոդներով է «Ելք» խմբակցությունը պատրաստվում պայքարել երևույթի դեմ, Դ. Խաժակյանը պատասխանեց, որ այս պահին գործուն լծակ դեռևս չեն տեսնում, բայց խնդրի մասին պարբերաբար ահազանգելն, ըստ նրա, կարող է որոշակի կաշկանդող հանգամանք լինել քաղաքապետարանի համար:

«Ցանկացած փաստ արձանագրելիս՝ դրա մասին բարձրաձայնելու ենք և պետք է հետևողական լինել: Պետք է հնարավորություն ունենանք, որոշակի քաղաքական նորմերից ելնելով վիճարկել դրանք և դրա համար մենք աշխատանքներ ենք տանում, ծանոթանում ենք քաղաքաշինական նորմերին, ինչը խիստ մասնագիտական է, բայց գտնում ենք, որ անհրաժեշտ է մեզ համար: Նման փորձեր՝ դիմում-բողոքների հետ կապված, պարբերաբար մենք ունեցել ենք, բայց վստահ եմ, անթույլատրելիության ճնշումը ժամանակի ընթացքում է՛լ ավելի կուժեղացնենք.,- վստահեցրեց մեր զրուցակիցը:

Անահիտ Բախշյանը նշել էր, որ այդ տարածքները սեփականշնորհվում են «կոպեկներով»: Դավիթ Խաժակյանը մեզ հետ զրույցում՝ հաստատելով գործընկերոջ ասածը՝ նշեց. «Չնչին գումարով այնպիսի տեղերում են տարածքներ վաճառվում, որտեղ ցանկացած կրպակ կամ խանութ կարող է շատ լավ գործել, որովհետև մայթի մեջտեղում է գտնվում: Այդ տարածքները բավականին հարմար արժեքով հարմար գնորդի համար տրամադրում են… Այստեղ երկու հարց կա՝ մեկը, երբ վաճառում են և վաճառում են շատ էժան, մյուսը, որ տալիս են վարձակալության և կրկին չնչին գումարների դիմաց»,- եզրափակեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավարը:

3701 | 0
Facebook