Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Կարծում եմ՝ ո՛չ իշխանության ներկայացուցիչները, ո՛չ Աժ-ում ներկայացված ուժերը, ո՛չ էլ որևէ մեկը, չի կարող Սերժ Սարգսյանի դեմն առնել». Արշակ Սադոյան

12:30, կիրակի, 18 մարտի, 2018 թ.
«Կարծում եմ՝ ո՛չ իշխանության ներկայացուցիչները, ո՛չ Աժ-ում ներկայացված ուժերը, ո՛չ էլ որևէ մեկը, չի կարող Սերժ Սարգսյանի դեմն առնել». Արշակ Սադոյան

«Այն, որ ուզում են մեկ շաբաթում կամ մեկ ամսում իշխանափոխության հասնել, ուղղակի ծիծաղելի է: Ե՛վ անիմաստ է, և՛ անհնարին, և չարժե նույնիսկ դրա մասին մտածել: Իշխանափոխության լուրջ խնդիր դնելու համար, բնականաբար, պետք է ծրագիր առաջարկվի, մարդկանց համախոհների բանակ պետք է ձևավորվի: Եթե այդ բանակը դեռ չի ձևավորվել և այն պետք է ձևավորվի միտինգի ընթացքում, և եթե միտինգն ինքը բազմամարդ չէ, բնական է, որ դա պրակտիկորեն անհնար է: Եվ, առհասարակ, այսօրվա քաղաքական դաշտում գործող քաղաքական ուժերի կողմից միտինգային եղանակով իշխանափոխության խնդիր դնելն ուղղակի պատրանք է»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով «Հանուն Հայաստան պետության» ճակատի կազմակերպած հանրահավաքներին և նրա կողմից իշխանափոխության կոչերին, ասաց Հանրային խորհրդի անդամ, նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը:

Նրա խոսքով, Հայաստանում տիրող աղքատության և քաղաքական դաշտի անորակության պատճառով, ժողովրդավարական ճանապարհով որևէ լուրջ հաջողության հասնել հնարավոր չէ. «Մյուս կողմից էլ հեղափոխական ճանապարհները, որպես կանոն, բերում են առավել վատ հետևանքների, առավել ևս կիսապատերազմական վիճակում գտնվող պետության համար: Այդ տեսակետից, ես կարծում եմ՝ առաջիկայում ներքին ուժերով որևէ քաղաքական արմատական փոփոխություն Հայաստանում կատարել հնարավոր չէ, որովհետև Հայաստանում այսօր լուրջ կազմակերպված ընդդիմադիր քաղաքական ուժ ուղղակի չկա: Արհեստական ընդդիմադիր ձևավորված «Ծառուկյան» դաշինքը և մյուսները, կարծում եմ, բոլորին է հայտնի է, որ իրականում վերևից են կազմակերպված»,- կարծիք հայտնեց Արշակ Սադոյանը:

Քաղաքական գործչի կարծիքով, Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու ցանկությունը բնական է, քանզի ամենակարևոր լծակները նրա ձեռքում են լինելու. «Սահմանադրական փոփոխություններից հետո, թե ինչու է ուզում Ս. Սարգսյանը լինել առաջին իշխանավորը, կարծում եմ՝ իր հարցն է: Իհարկե, նա կարող էր լինել և՛ կուսակցության նախագահ, և՛ ԱԺ նախագահ և այդ լծակներով պահել առաջին դեմքի իշխանությունը, բայց դա իր որոշելու հարցն է: Կարծում եմ՝ այստեղ ո՛չ իշխանության ներկայացուցիչները, ո՛չ Աժ-ում ներկայացված ուժերը, ո՛չ էլ որևէ մարդ, չի կարող նրա դեմն առնել. իրենք ինչ ուզում, այն էլ անում են»,- ասաց Սադոյանը:

Նշենք, որ Հանրային խորհուրդն առաջարկում է ստեղծել Համագործակցության և փոխօգնության համազգային կառույց, որի միջոցով փորձ կարվի լուծել Հայաստանում առկա խնդիրները: «Հայաստանում խնդիրներն արմատախիլ անելու համար հարկավոր է լուրջ աշխատանք տանել Սփյուռքի հետ՝ համախմբելով համայն հայությանը: Պետք է աշխարհով մեկ ստեղծել 10-11 միլիոն հայության ազգ-կազմակերպություն: Աշխարհի հայերին համախմբելով` պայմաններ ստեղծենք, որ նրանք հայաստանաբնակներին ստիպեն դառնալ ոչ թե ենթարկվող, այլև ավելի շատ տիրություն անեն իրենց երկրին: Մենք առաջարկում ենք ստեղծել այնպիսի երկիր, որ իշխանության տերը դառնան ոչ թե անօրինական ճանապարհով իշխանության եկածները, այլև հենց իրենք՝ հայաստնաբնակները»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

5202 | 8
Facebook