Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵԱՀԿ ԽՎ նախագահն Ալիևին կոչ է արել կրկնապատկել ԼՂ հարցով ջանքերը

12:05, երեքշաբթի, 13 մարտի, 2018 թ.
ԵԱՀԿ ԽՎ նախագահն Ալիևին կոչ է արել կրկնապատկել ԼՂ հարցով ջանքերը

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) նախագահ Գեորգի Ծերեթելին երեկ Ադրբեջանի իշխանությունների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի կրկնապատկման անհրաժեշտությունը:

Այս մասին հայտնել է ԵԱՀԿ-ի մամուլի ծառայությունը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ծերեթելին անհանգստություն է հայտնել՝ կապված շփման գծում բռնության դեպքերի հետ և հիշեցրել, որ հակամարտությունը ծանր բեռ է քաղաքացիական բնակչության համար:

Նա նաև հաստատել է աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Բաքվում Ծերեթելիի գլխավորած պատվիրակությունը նաև հանդիպումներ է անցկացրել Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օկտայ Ասադովի, ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի և այլ պաշտոնական անձանց հետ:

Հիշեցնենք, որ մարտի 12-17-ն Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում, ինչը հայկական կողմի կարծիքով ԵԱՀԿ-ի առջև ստանձնած հանձնառությունների խախտում է:

«Ադրբեջանը զորավարժություններ է սկսել (երկրի նախագահի «վերընտրման» քարոզարշավի ամենամարդաշատ իրադարձությունը), առանց այդ մասին ԵԱՀԿ մասնակից պետություններին տեղեկացնելու և կոպտորեն խախտելով կազմակերպության առջև ստանձնած հանձնառությունները»,- հայտնել էր ՀՀ ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

7579 | 0
Facebook