Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Միտքը սնունդ է, մտածել նշանակում է սնվել». այսօր Հրաչյա Աճառյանի ծննդյան օրն է

15:05, հինգշաբթի, 08 մարտի, 2018 թ.
«Միտքը սնունդ է, մտածել նշանակում է սնվել». այսօր Հրաչյա Աճառյանի ծննդյան օրն է

«Հպարտ եմ, որ Աճառյանին երկար տարիներ ունեցել եմ իմ աշակերտների թվում»: Անտուան Մեյե, ֆրանսիացի լեզվաբան

Լեզվաբան, բանասեր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Հրաչյա Աճառյանը հեղինակ է մոտ 200 աշխատությունների, որոնք ընդգրկում են հայերենագիտության գրեթե բոլոր բնագավառները: Հայոց լեզվի պատմությունն ու հայ բարբառագիտությունը՝ որպես գիտության առանձին բաժիններ, ձևավորվել են նրա աշխատությունների շնորհիվ:

Հրաչյա Աճառյանն ավարտել է Կոստանդնուպոլսի Կեդրոնական վարժարանը, սովորել Փարիզի Սորբոնի համալսարանում, ապա՝ Ստրասբուրգում: 1898–1923-ին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Շուշիի, Նոր Բայազետի, Նոր Նախիջևանի, Թեհրանի, Թավրիզի դպրոցներում, 1923-ից՝ Երևանի պետական համալսարանում:
     Լեզուներ սովորել է պատանեկան հասակից. տիրապետել է հունարենին, եբրայերենին, ֆրանսերենին, անգլերենին, գերմաներենին, իտալերենին, պարսկերենին, գիտեր լատիներեն, սանսկրիտ և այլ լեզուներ: Լազերեն սովորել է մի ծերունի լազից, գրել է այդ լեզվի քերականությունը, ուսումնասիրությունը 1897-ին ներկայացրել է Փարիզի լեզվաբանական ընկերությանը և 21 տարեկանում ընտրվել այդ ընկերության անդամ:
     Աճառյանը գրել է «Լիակատար քերականություն հայոց լեզվի՝ համեմատությամբ 562 լեզուների» (1952–71թթ.) բազմահատոր աշխատությունը, որը եզակի երևույթ է համաշխարհային լեզվաբանական գրականության մեջ: Աշխատության մեջ կարելի է գտնել անհրաժեշտ բոլոր տեղեկություններն աշխարհի բազմաթիվ լեզուների և հատկապես հայերենի քերականական կառուցվածքի զարգացման ու փոփոխությունների մասին:
     Շուրջ 40 տարի աշխատել է նախադեպը չունեցող «Հայերեն արմատական բառարանի» (1926–35թթ., 7 հատորով, 2-րդ հրատարակություն, 1971–79թթ., 4 հատորով) ստեղծման վրա, «Հայերեն արմատական բառարանի» մասին ֆրանսիացի լեզվաբան Անտուան Մեյեն ասել է. «Ոչ մի լեզվի համար չկա այսքան ճոխ, այսքան կատարյալ ստուգաբանական բառարան»:
     Աճառյանը հայ բարբառների գիտական դասակարգման հեղինակն է: Բարբառագիտական կարևոր հետազոտություններից են նրա «Հայ բարբառների դասակարգումը» (1909թ.), «Հայ բարբառագիտություն» երկերը (1911թ.), «Հայերեն գավառական բառարանը» (1913թ.):
     Հայագիտության համար արժեքավոր է Աճառյանի «Հայոց անձնանունների բառարանը» (1942–62թթ., 5 հատորով), որտեղ հավաքված և ուսումնասիրված են V–XX դարերում հայ մատենագրության մեջ հիշատակված բոլոր անձնանունները: «Հայոց լեզվի պատմություն» (1940–51թթ.) երկհատոր աշխատության մեջ քննել է հայերենի ծագման ու պատմական զարգացման ընթացքը: Աճառյանն ուսումնասիրել է Մեսրոպ Մաշտոցի կյանքն ու գործունեությունը. գրել է «Ս. Մեսրոպի և գրերու գյուտի պատմության աղբյուրներն ու անոնց քննությունը» (190թ.), «Հայոց գրերը» (1928թ.) աշխատությունները:
     Աճառյանը բացառիկ բարեխղճությամբ կազմել է տարբեր վայրերում պահվող հայոց հին ձեռագրերի ցուցակները, զբաղվել է նաև հայ գրականության և հայոց պատմության հարցերով: Նրա ուսումնասիրությունները հայագիտության յուրատեսակ համալսարան են:

| | |
1899 | 0
loading...
Facebook
ՄԱՄՈՒԼ.am