Դատարանի նկուղում «Սասնա ծռեր»-ի 5 անդամներին ծեծելու դեպքերն՝ Amnesty International-ի զեկույցում
«Իրազեկ քաղաքացիների միավորման» փորձագետ Աննա Փամբուխչյանի հոդվածը Amnesty International-ի զեկույցի վերաբերյալ. Փետրվարի 22-ին «Ամնեսթի» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակեց իր ամենամյա զեկույցը աշխարհի 159 երկրներում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ։
Անպատժելիություն
Զեկույցը մատնանշում է 2016թ․ հուլիսին հիմնականում խաղաղ ցույցերի մասնակիցների նկատմամբ իրավապահ մարմինների կողմից լայնածավալ բռնությունների կիրառման դեպքերի անպատժելիությունը։ Թեև բազմաթիվ ցուցարարների դեմ հարուցվել են քրեական գործեր՝ իբրև թե հասարակական կարգը խախտելու և այլ հանցագործությունների մեղադրանքով, սակայն ոստիկանության պաշտոնյաները մնացել են անպատիժ։
Ոչ արդարացի դատավարություններ
Ըստ զեկույցի՝ 2016թ․ հուլիսին ՊՊԾ գնդի գրավման համար ձերբակալված անհատների դատավարությունների ընթացքում իրավապահների կողմից անհարկի բռնություն է կիրառվել ոչ միայն մեղադրյալների նկատմամբ, այլ նաև նրանց իրավապաշտպանների հանդեպ։ Մասնավորապես, Արայիկ Պապիկյանը, Մուշեղ Շուշանյանը, Նինա Կարապետյանցը և այլ դատապաշտպաններ զեկուցել են, որ ազատազրկման վայրի վարչակազմն արգելել է նրանց այցելել մեղադրյալներին և գաղտնի խորհրդակցություններ անցկացնել, ինչպես նաև անօրինական կերպով ոչնչացրել են դատական գործերին կից որոշ ապացույցներ։
Իրավապաշտպաններ
2017թ․ հունվարին սկսվեց «Վելես» իրավապաշտպան կազմակերպության տնօրեն Մարինա Պողոսյանի դեմ դատավարությունը։ Մարինա Պողոսյանը կոռուպցիայի, ստվերային տնտեսության, խարդախության և վաշխառության դեմ պայքարող իրավապաշտպան է։ Նա մեղադրվում է դրամաշորթության մեջ։
Խոսքի ազատություն
Զեկույցն անդրադառնում է նաև ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունների և մայիսին կայացած Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում լրագրողների դեմ կիրառված բռնության առանձին դեպքերին։ Այսպես, օրինակ, հիշատակվում է ապրիլի 2-ին Կոնդ թաղամասում Հանրապետական կուսակցության շտաբում ընտրակաշառքի փաստը հետաքննող երկու լրագրողներին ծեծելու դեպքը։ |