Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հարցազրույցներ

«ՄՕԿ-ի որոշումները կործանում են ծանրամարտը»․ Փաշիկ Ալավերդյանը՝ Հայաստանի առաջնության և առաջիկա ծրագրերի մասին

12:55, երկուշաբթի, 26 փետրվարի, 2018 թ.
«ՄՕԿ-ի որոշումները կործանում են ծանրամարտը»․ Փաշիկ Ալավերդյանը՝ Հայաստանի առաջնության և առաջիկա ծրագրերի մասին

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, միջազգային կարգի մրցավար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, ամփոփեց ծանրամարտի Հայաստանի առաջնությունը։

«Այսօրվա դրությամբ դեռ 7 ամիս կա, մինչև մրցումներին մասնակցելը։ Այսօրվա համար լիովին գոհացնում է մեր ծանրորդների մարզավիճակը։ Ավելին չեմ պահանջում իրենցից։ Դժվար է 7 ամիս լինել մարզավիճակի գագաթնակետին։ Հայաստանի հավաքականը լիովին պատրաստ էր Եվրոպայի առաջնությանը մասնակցելուն։ Ինքներդ կտեսնեք, որ արձանագրած արդյունքներին 5-ական կգ գումարելով Եվրոպայի առաջնությանը մեդալներ կնվաճեինք։ Անկախ որակազրկումից, մենք պատրաստվում ենք առաջիկա մրցումներին։ Թույլ չտվեցին մասնակցել, ոչինչ, հաջորդին կպատրաստվենք»,- նշեց նա։

Խոսելով տղաների մարզավիճակի մասին՝ մարզիչը նշեց․«Ընդհանուր առմամբ նորմալ է։ Ռուբեն Ալեքսանյանը փոքր վնասվածք ուներ, չցանկացանք, որ մասնակցի Հայաստանի առաջնությանը և բարդացնի այն։ Նա կպատրաստվի մեծահասակների աշխարհի առաջնությանը, բայց եթե հապաղի, կվերադառնա տուն։ Այնպես, ինչպես և Անդրանիկ Կարապետյանը։ Եթե նա չկարողացավ վերականգնել գոնե իր անցած տարվա մարզավիճակը, կվերադառնա տուն։ Այնպես որ ասեմ, նա կգնա մրցումների, ով կլինի ուժեղ ու ով կկարողանա արդյունքներ ցույց տալ։ Պետք է ամենաուժեղները գնան և պահպանեն հայկական ծանրամարտի հոգին ու շունչը»։

Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ Ալավերդյանը նշեց․ «Հուլիս ամսին տեղի կունենա պատանիների Եվրոպայի առաջնությունը։ Հույս ունենք, որ կմասնակցենք առաջնությանը։ Մեզ ասել են, որ եթե որոշակի կետեր կատարենք, կմասնակցենք առաջնությանը։ Մենք կատարել ենք կետերը և սպասում ենք որոշմանը։ Հուլիսին տեղի կունենա նաև երիտասարդների աշխարհի առաջնությունը, որին նույնպես հույս ունենք մասնակցելու։ Իսկ օգոստոսի 20-ից հետո կարող ենք մասնակցել ցանկացած մրցաշարի։ Դա պաշտոնապես եմ հայտարարում։ Այնպես որ, բաց ենք թողնելու միայն մեծահասակների Եվրոպայի առաջնությունը»։

Գլխավոր մարզիչն անդրադարձավ նաև ծանրամարտում գործարկվելիք անհատական վարկանիշներին և այլ փոփոխություններին․ «Թիմը պետք է գրավի 1-ից 6-րդ տեղերը, բայց մարզիկները պետք է անհատապես որակավորվեն օլիմպիական խաղերին։ Առավելագույն թիվը 4 ծանրորդ և 4 ծանրորդուհի է։ Եթե ես ունենամ թիմային 6-րդ տեղ և 8 մասնակից, ովքեր գրավել են տարբեր տեղեր, օլիմպիական խաղերին կմասնակցեն ամենաբարձր տեղերը գրաված 4 մարզիկները։ Դա կորակավորվի միջազգային ֆեդերացիայի կողմից, մենք չենք որոշելու, թե ում ենք տանելու։ Իհարկե դեմ եմ այս փոփոխությանը։ Սա գալիս է քանակից։ Քիչ են մասնակիցները և նրանք ստիպված են որակավորել, որպեսզի պետություններում աղմուկ-աղաղակներ չսկսվեն, թե ով է մեկնելու օլիմպիական խաղեր։ Չնայած ավելի լավ կլիներ թույլ տային, որ մենք ընտրեինք։ Բացի այդ օլիմպիական խաղերին հնարավոր չի լինի նույն քաշային կարգում 2 ծանրորդ ներկայացնել։ Դա նույնպես ցավ է մեզ համար։ Մենք կարող էինք 2-ական 105 կգ և գերծանր քաշային կարգ տանել։ Ի՞նչ է նշանակում 4 ծանրորդ մասնակցի օլիմպիական խաղերին։ 65 մարզիկ են կրճատել։ Նշանակում է ծանրամարտի օլիմպիական չեմպիոնի կոչման համար կպայքարի 96 ծանրորդ և 96 ծանրորդուհի։ Դա շատ քիչ է ծանրամարտի համար։ Մեր մարզաձևը կործանում են։ Ցավոտ հարց է սա ինձ համար։ Չի կարելի այսպես վարվել ծանրամարտի հետ։ Ինչ է թե 2-3 խախտում են արել։ Եթե այդպես է, թիավարությունը, թեթև աթլետիկան, լողը, ձմեռային ձևերն ինչո՞ւ են պահում։ Մենք ընդամենը 7-րդ տեղում ենք դոպինգով։ Իսկ կրճատումն սկսում են մեր մարզաձևից։ Կրճատվելու են նաև օլիմպիական խաղերի քաշային կարգերը։ 10-ական քաշային կարգերից օլիմպիական խաղերին կմասնակցի 7-ական քաշային կարգ։ 3 քաշային կարգ կլինի ոչ օլիմպիական։ Թե որոնք են դրանք, հայտնի կդառնա հունիսին։ Դա էլ է տանում ծանրամարտի կործանմանը։ Բառիս բուն իմաստով՝ կործանմանը։ Ի՞նչ է նշանակում կրճատել։ Միշտ ծանրամարտում եղել է 10 քաշային կարգ։ Ինչո՞ւ են ուզում կրճատել մասնակիցների քանակը, որպեսզի քյորլի՞նգ լինի, հավաքարարների մրցումնե՞րն առաջ տանեն, մարդիկ մելդոնիում օգտատործեն, հետո էլ ասեն ծանրորդները դոպինգ են օգտագործում։ ՄՕԿ-ի որոշումները կործանում են ծանրամարտը»։

Կատարինե Այդինյան

| | |
1289 | 0
loading...
Facebook
ՄԱՄՈՒԼ.am