Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գայ գյուղում հրդեհից ածխացած դիակի վրա որսորդական հրացանի փամփուշտի հետքեր են եղել

20:30, ուրբաթ, 23 փետրվարի, 2018 թ.
Գայ գյուղում հրդեհից ածխացած դիակի վրա որսորդական հրացանի փամփուշտի հետքեր են եղել

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակչի սպանության հանգամանքները:

2018թ. փետրվարի 23-ին՝ ժամը 07։00-ին, Էջմիածնի հրշեջ փրկարարական ծառայությունից ահազանգ է ստացվել առ այն, որ Արմավիրի մարզի Գայ գյուղում տուն է այրվում և հնարավոր է ներսում մարդ լինի։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ժամը 06։40-ին, հարևանները նկատել են, որ համագյուղացի, 1957 թ. ծնված Ռ.Հայրապետյանի տանը հրդեհ է բռնկվել և ահազանգել: Տան հյուրասենյակում հայտնաբերվել է 1957թ. ծնված Ռ.Հայրապետյանի այրված-ածխացած դիակը։ Դիակի դիահերձման արդյունքում Ռ.Հայրապետյանի մարմնից՝ կրծքավանդակի ձախ կեսի առաջակողմնային մակերեսի մաշկի տակից, դուրս է բերվել 2 պլաստմասե պիժ-կոնտեյներ (որսորդական հրացանի փամփուշտի կոտորակներ), ինչպես նաև՝ ներքին օրգանների միջից դուրս են բերվել բազմաթիվ մետաղական կոտորակներ։

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ռ.Հայրապետյանի սպանության և հրկիզման եղանակով ուրիշի գույքը ոչնչացնելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

5654 | 1
Facebook