Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գյումրի բժշկական կենտրոն»-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրգործ է հարուցվել

19:10, ուրբաթ, 23 փետրվարի, 2018 թ.
«Գյումրի բժշկական կենտրոն»-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրգործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ 2018 թվականի փետրվարի 17-ին «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության բուժքույր Աննա Ադամյանը ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրու բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ բժիշկներ Արթուր և Արմեն Նասիբյանները 2017 թվականի փետրվարի 17-ին անհիմն պատճառով վիճաբանել են իր հետ, որի ընթացքում շուրջ 10 րոպե շարունակ սեռական բնույթի հայհոյանքներ են տվել իր հասցեին:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրու բաժնում նյութեր են նախապատրասվել, որի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2018 թվականի փետրվարի 13-ին «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում բուժօգնության է դիմել Գյումրի քաղաքի մի բնակչուհի՝ ոտքի եղունգը հեռացնելու համար նախնական պայմանավորվածություն ունենալով նույն ընկերության բժիշկ Արմեն Նասիբյանի հետ: Սակայն բժշկական կենտրոնում հանդիպելով իր ծանոթ Արման Սարգսյանին` բուժօգնության դիմած քաղաքացին ցանկացել է, որ վիրահատական միջամտությունը կատարվի վերջինի, այլ ոչ Արմեն Նասիբյանի կողմից:

Նույն օրը, ժամը 11:00-ի սահմաններում, Արմեն Նասիբյանը տեղեկանալով, որ նախապես իր մոտ այցելած հիվանդին վճարի դիմաց բուժօգնություն է ցուցաբերել մեկ այլ բժիշկ և կարծելով, որ հիվանդին նշված բժշկի մոտ ուղղորդել է ընդունարանի բուժքույր Ա. Ադամյանը` վերջինի հետ հարաբերությունները պարզելու նպատակով առաջարկել է նրան բարձրանալ իր աշխատասենյակ: Սակայն մերժում ստանալով` առանց որևէ պատճառի, շուրջ 10 րոպե շարունակ բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ է տվել նրա հասցեին, ընթացքում հարվածել է աշխատասեղաններին` այդ կերպ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում գտնվող քաղաքացիների և աշխատակիցների նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, խախտելով վերջինների հանգիստը և խոչընդոտելով ընկերության բնականոն գործունեությունը:

Վիճաբանությանը միջամտել է նաև Արմեն Նասիբյանի եղբայրը` Արթուր Նասիբյանը, ով իր հերթին, առանց որևէ պատճառի, սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ հասցնել Աննա Ադամյանին` նույն կերպ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը` հասարակության նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք:

Բացի այդ, նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է նաև, որ նույն օրը բժիշկներ Արթուր Նասիբյանը և Կարեն Գևորգյանը «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վիրաբուժական բաժանմունքի բժիշկների սենյակում նշված առիթով վիճաբանել են նաև Արման և Արտակ Սարգսյանների հետ, որի ընթացքում ֆիզիկական բռնություն են գործադրել Արտակ Սարգսյանի նկատմամբ` բազմիցս հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ծեծի ենթարկել` պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն իրենց մեջ առերևույթ պարունակել են ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ` 2018 թվականի փետրվարի 22-ին Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ, որը մարզի դատախազի հանձնարարությամբ ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու նպատակով:

3246 | 0
Facebook