Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Լավ եմ նկարում, թե վատ՝ դա ուրիշ գործ է, բայց նկարում եմ այն, ինչ ուզում եմ և այնպես, ինչպես ուզում եմ». այսօր Մինաս Ավետիսյանի հիշատակի օրն է

16:35, ուրբաթ, 23 փետրվարի, 2018 թ.
«Լավ եմ նկարում, թե վատ՝ դա ուրիշ գործ է, բայց նկարում եմ այն, ինչ ուզում եմ և այնպես, ինչպես ուզում եմ». այսօր Մինաս Ավետիսյանի հիշատակի օրն է

«Իբրև նկարիչ, գիտեմ և վստահ եմ, որ ամեն մի նկարիչ, կանգնելով Մինասի նկարների առջև, այնտեղ տեսնում է իր չարածի, իր չկարողացածի, իր երազածի իրագործումը։ Մինասը մեր նկարչության բարձրացող աշտարակն էր, հեռուներից տեսանելի ու հեռաստաններ բացող»,- հայ մեծանուն գեղանկարիչ Մինաս Ավետիսյյանի մասին ասել է նկարիչ Հակոբ Հակոբյանը:

Այսօր, փետրվարի 23-ին, 20-րդ դարի հայ կերպարվեստի ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկի՝ Մինաս Ավետիսյանի մահվան տարելիցն է:

Նա ծնվել է 1928թ. հուլիսի 20-ին Ջաջուռում: Մինասի գեղանկարչական աշխարհընկալումը, ճաշակն ու ոճը հիմնականում ձևավորվել է հայ միջնադարյան մանրանկարչության, իտալական վերածննդի նկարչության և Մարտիրոս Սարյանի արվեստի ազդեցությամբ:

Մինասը Մարտիրոս Սարյանի հետ
Մինասը Մարտիրոս Սարյանի հետ
Նրա ազդեցությունն այսօր նկատելի ժամանակակից շատ նկարիչների գործերում: Մինասը ստեղծել է մեծ թվով բնանկարներ, դիմանկարներ, որմնանկարներ: Նրա գործերին բնորոշ ամենավառ գիծը գույների տաք ու յուրահատուկ համադրություններն են:

Մինասը Մարտիրոս Սարյանի հետ ծանոթացել է 18 տարեկանում. «Մինա՛ս, ես քեզնից մեծ եմ 50 տարով։ Ափսոս՝ ինձ քիչ ժամանակ է մնացել։ Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր։ Չմոռանա՛ս, արվեստը պայքար է սիրում։ Հիմա ես արդեն մենակ չեմ։ Դու էլ մենակ չես։ Ուրեմն, շարունակիր խիզախել։ Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին»,- ասել է Սարյանը:

Մինասի ստեղծագործությունները յուրահատուկ են իրենց գունային ուժեղ հակադրություններով, որոնք արտահայտում են լուսավոր, քնարական տրամադրություններ, երբեմն՝ ողբերգական շեշտերով։ Անրադարձել է նկարչության բոլոր ոլորտներին՝ գեղանկարչություն, գրաֆիկա, որմնանկարչություն, բեմանկարչություն ևն։ Մինասի նկարները հայտնի են իրենց գունային կտրուկ հակադրություններով։ Հայտնի նկարներից մի քանիսը վերաբերում են հայ ժողովրդի անցյալին՝ հատկապես1915թ. հայկական ջարդերին, որոնցից մազապուրծ են եղել նաև նկարչի ծնողները։

Մինասն իր 15-ամյա ստեղծագործական կյանքում հասցրել է կերտել մոտ 500 մեծ ու փոքր կտավ, նույնքան գծանկար, 20 որմնանկար:

«Իմ խիղճն իմ նկարներն են. լավ եմ նկարում, թե վատ՝ դա ուրիշ գործ է, բայց նկարում եմ այն, ինչ ուզում եմ, և այնպես, ինչպես ուզում եմ»,- ասել է Մինաս Ավետիսյանը:

Մինասի հասուն ստեղծագործական կյանքը տևել է 15 տարի՝ 1960–1975թթ: Նա նաև բալետային և թատերական ձևավորումներ էր անում: «Ալմաստ» օպերայի և Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ձևավորումների հեղինակն ինքն է: Արամ Խաչատրյանը ևս հիանում էր նկարչի տաղանդով. «Մինասի խառնվածքը ուժեղ է, վառ… Նա թատերական նկարչության մեջ փոխադրեց իր հզոր սիմֆոնիզմը»:

Անհասկանալի և չբացահայտված պատճառներով 1972թ. հունվարի 1-ին Մինասի արհեստանոցը հրդեհվում է: Այրվում են նրա կտավների մեծ մասը՝ 300 աշխատանք, 100-ից ավելին ավարտուն վիճակում էին, այդ թվում նաև Փարիզում կազմակերպվելիք ցուցահանդեսի համար հավաքած աշխատանքները: Այրվում է նաև նկարչի անձնական արխիվը։ Հետագայում մի քանի կտավ ոչնչացել է Բեյրութի ցուցահանդեսում՝ քաղաքի ռմբակոծության հետևանքով:

Չբացահայտված և ողբերգական է նաև նրա մահը: 1975թ. փետրվարի 16-ին Ժորա Հովսեփյան անունով տաքսու վարորդը վրաերթի է ենթարկում հայ մեծանուն նկարչին: Օրեր անց Մինաս Ավետիսյանը մահանում է 47 տարեկան հասակում: Շատերը վստահ էին. սա դժբախտ պատահար չէր…

«Լավ եմ նկարում, թե վատ՝ դա ուրիշ գործ է, բայց նկարում եմ այն, ինչ ուզում եմ և այնպես, ինչպես ուզում եմ». Մինաս Ավետիսյան
«Լավ եմ նկարում, թե վատ՝ դա ուրիշ գործ է, բայց նկարում եմ այն, ինչ ուզում եմ և այնպես, ինչպես ուզում եմ». Մինաս Ավետիսյան
«Լավ եմ նկարում, թե վատ՝ դա ուրիշ գործ է, բայց նկարում եմ այն, ինչ ուզում եմ և այնպես, ինչպես ուզում եմ». Մինաս Ավետիսյան
«Լավ եմ նկարում, թե վատ՝ դա ուրիշ գործ է, բայց նկարում եմ այն, ինչ ուզում եմ և այնպես, ինչպես ուզում եմ». Մինաս Ավետիսյան

«Աշխարհի մեջ անոր պես նկարիչ քիչ կա, եթե ըսեմ չկա, հավատացեք: Ի՜նչ զորավոր է, հայկական է, հին ու բոլորովին նոր: Զարմանալի է...»,- ասել է Վիլյամ Սարոյանը Մինասի մասին:

Մինասի առեղծվածը (մաս 1)

8394 | 0
Facebook