Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դեղերի մասին օրենքի նախագիծը կարող է նպաստել դեղերի ստվերային շրջանառությանը». Բաբկեն Պիպոյան

16:15, ուրբաթ, 23 փետրվարի, 2018 թ.
«Դեղերի մասին օրենքի նախագիծը կարող է նպաստել դեղերի ստվերային շրջանառությանը». Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր անդրադարձել է դեղերի մասին օրենքի փոփոխությանն, ըստ որի՝ մարտի 1-ից որոշ դեղեր բաց են թողնվելու դեղատոմսով: Վերջինն ասել է, որ այս նախագծում ռիսկեր է տեսնում. «Այսօր էլ կան դեղեր, որոնք միայն բժշկի ցուցումով պետք է վաճառվեն, բայց արդյո՞ք այդպես է: Այսինքն՝ Առողջապահության նախարարությունը թող իր անելիքն անի և չարածը չփորձի կոծկել՝ ապառնի խնդիրների մասին խոսելով, որովհետև այս աղմուկի մեծ մասը գալիս է համակարգի հանդեպ անվստահությունից: Սա բերելու է նրան, որ բազմաթիվ քաղաքացիներ դեղերը փորձելու են ձեռք բերել դրսից»:

Բ. Պիպոյանն օրինակներով խոսել է՝ հիշեցնելով առողջապահության նախարարության վերջին նախագծերը: «Մենք ունենք Առողջապահության նախարարություն, որն անգամ ամենալավ բանին երբ մոտենում է, հարամ է անում…Բոլորը հասկանում են, որ ծխելու դեմ պայքար պետք է, բայց այնպիսի նախագիծ են բերում, որ միանգամից ծխողների թիվը երկրում սկսում է ավելանալ, և բոլորն սկսում են բոյկոտել, որովհետև նախագիծն է իրականությունից կտրված: Կամ՝ քաղցկեղի դեմ գործառույթ են ուզում իրականացնել. փոխանակ էնպիսի բան անեն, որ մարդիկ ծափ տան, էնպիսի բան են անում, որ էսօր ոչ ոք չի ուզում պատվաստման տանի իր երեխային: Այսինքն՝ ունենք առողջապահության այնպիսի համակարգ, որ այնպես է իրականացնում գործառույթը, որ բոլորը վախենում են էս մարդկանց հետ գործ ունենալ»:

Պիպոյանի խոսքով՝ դեղերի մասին օրենքի նախագիծը կարող է նպաստել դեղերի ստվերային շրջանառությանը, որն ամենամեծ վտանգն է ներկայացնում. «Այդ ուղղությամբ, առ այսօր չեմ տեսել, որ առողջապահության նախարարությունը որևէ իրական քայլ ձեռնարկի…թղթի վրա առողջապահության տեսչություն գոյություն ունի: Էդ ձեր տեսչությունը ո՞ր դեղատանն ինչ է հայտնաբերել, որ դուք ասում եք գնացել են, ստուգել: Մենք կարող ենք մտնել առողջապահության պաշտոնական կայք և տեսնել, որ այդ տեսչության կողմից ոչ մի բան դեռ չի արվել: Նախարարություն էլ ունենք, հո թղթի վրա ունենալո՞վ չի»:

Ըստ Պիպոյանի՝ ամենամեծ խնդիրն այն է, որ նախարարությունը չի հասկանում, որ հասարակությունն ակնկալում է իրենցից ոչ մի բան չանելը, որովհետև դիտարկում է, որ իրենց արածն ավելի վնաս է, քան չարածը:

«Մի հիմնարկ, եթե չի կարում գնա անհայտ ծագման դեղ հանի իրացման ցանցից, կամ՝ եթե չի կարում գնա ժամկետանց դեղ հանի իրացման ցանցից, էս հիմնարկն ինչ հույսով է նման նախագիծ բերում»,- ասել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը:

4353 | 3
Facebook