Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Առջևում կարևոր մրցումներ կան»․ ծանրորդուհիները՝ Հայաստանի առաջնության և հետագա ծրագրերի մասին

23:20, հինգշաբթի, 22 փետրվարի, 2018 թ.
«Առջևում կարևոր մրցումներ կան»․ ծանրորդուհիները՝ Հայաստանի առաջնության և հետագա ծրագրերի մասին

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում կայացել է ծանրամարտի Հայաստանի կանանց 2018 թվականի առաջնությունը, որին հայտնի դարձան Հայաստանի նորընծա չեմպիոնուհիները և մրցանակակիրները։ Ստուգատեսի լավագույն ծանրորդուհիներն իրենց մրցելույթներն ամփոփեցին MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում։

Հայաստանի առաջնությանը մասնակցելու մասին

Սոնա Պողոսյան․ «Մասնակցությունիցս գոհ եմ, քանի որ անձնական ռեկորդ սահմանեցի՝ երկամարտում նոր արդյունք գրանցելով։ Ավելիին էի պատրաստ, ուղղակի պետք էր լավ աշխատել բոլոր 6 մոտեցումներն էլ։ Մոտեցա այն կիլոգրամներին, որոնք անկասկած կարող էի բարձրացնել»։

Իզաբելլա Յայլյան․ «Գոհ եմ բարձրացրածս կիլոգրամներից, լավ մասնակցեցի։ Բարելավեցի արդյունքս, ուրախ եմ»։

Տաթև Հակոբյան․ «Մասնակցությունիցս գոհ եմ։ 2 ամիս է, ինչ վիրահատել եմ դաստակս և դեռ լիարժեք չեմ վերականգնվել։ Այդ պատճառով, հրում վարժության 1 մոտեցում կատարելով, հրաժարվեցի մյուս երկու մոտեցումներից»։

Մեծահասակների Եվրոպայի առաջնությունը բաց թողնելու մասին

Սոնա Պողոսյան․ «Փորձում եմ այդ մասին չմտածել։ Չենք կարող մասնակցել մեծահասակների Եվրոպայի առաջնությանը, բայց առջևում այլ կարևոր մրցումներ կան։ Կփորձեմ մեծահասակների Եվրոպայի առաջնության բացը լրացնել մյուս մրցումներին մասնակցելով»։

Իզաբելլա Յայլյան․ «Ափսոս, որ բաց ենք թողնում Եվրոպայի առաջնությունը, քանի որ կարող էինք մեդալներ նվաճել։ Բայց չեմ մտածում այդ մասին, այլ կենտրոնանում եմ մարզավիճակիս և առաջիկա մրցումների վրա»։

Տաթև Հակոբյան․ «Ցավում եմ, որ չենք կարող մասնակցել Եվրոպայի առաջնությանը, քանի որ վստահ եմ, որ մեր հավաքականի մարզիկներն ու մարզուհիները մեդալներով կվերադառնային ստուգատեսից»։

Առաջիկա ծրագրերի մասին
     Սոնա Պողոսյան․ «Այս տարի մեր առջև դրված ամենամեծ խնդիրը մեծահասակների աշխարհի առաջնությանը հնարավորինս լավ մասնակցելը և օլիմպիական խաղերի վարկանշային միավորներ վաստակելն է։ Մինչ այդ կմասնակցեմ երիտասարդների Եվրոպայի առաջնությանը և կփորձեմ պաշտպանել չեմպիոնական տիտղոսս»։

Իզաբելլա Յայլյան․ «Առաջիկայում պատրաստվում ենք երիտասարդների Եվրոպայի և մեծահասաների աշխարհի առաջնություններին։ Հուսով եմ՝ լավ կմասնակցեմ և կբարելավեմ արդյունքներս»։

Տաթև Հակոբյան․ «Քանի որ բաց ենք թողնելու Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, երկար ժամանակ կունենամ վերականգնվելու և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանն, ինչու ոչ նաև մեծահասակների աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու համար»։

Կատարինե Այդինյան

4621 | 0
Facebook